ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վիրավորվել է այն պնդումներից, որ ինքը կարող է համարվել այս երկրի ամենաօֆշորացված անձանցից մեկը: Նեղացել է աշխարհից այն բանի համար, որ համարձակվել են հիշեցնել, թե ինչպես 5 տարի առաջ չինական մի ընկերություն ձեռք բերեց Հրազդանի մոտակայքում գտնվող խոշոր երկաթահանքը, պայմանագրով հանքավայրը գնվելու էր 24 միլիոն դոլարով, բայց այդ միլիոնները մի օր չքացան ու այլևս ոչ ոք չտեսավ, թեև չմոռացան, որ հանքը շահագործելու լիցենզիան տրված էր «Նագին» ՍՊԸ-ին, որի խոշոր բաժնետեր էր Վարդան Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը։
Սակայն Այվազյանը հիմա այնպես է նեղացել, որ կարծես ուզում է ասել՝ ես դրա իրավունքը ունեմ, իսկ հետո բացատրում է, թե ինչու ունի: «Էս երկիր բերել եմ 132 մլն դոլար, որից 52 մլն դոլար էդ ընկերությունն է բերել Հայաստան, ոչ թե տարել: Էս նույն հնարավորությունները տալիս եմ էդ գրողին, իր հովանավորներին ու իր վերևներին: Թող էս երկրի համար մեկ միլիոն դոլար բերեն»,- զայրացած հայտարարում է Վ.Այվազյանը:
Նախկին նախարարն այնպես է վրդովվում, որ կարելի է մտածել, թե հորանց տնից էր բերել, նվեր էր տվել այդ միլիոնները, իսկ անշնորհակալ ազգը չի գնահատել իր ահռելի զոհաբերումը: Այվազյանն ինքն իրեն ներշնչել է, թե չինացիներն ու մյուս ազգերի գործարարները Հայաստանում գումարներ են ներդնում բացառապես ՀՀԿ-ական պատգամավորի գեղեցիկ աչքերի համար, ու եթե չլինեին այդ աչքերը, ոչ ոք մեր կողմը չէր նայի:
Վարդան Այվազյանի զայրույթն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ: Բայց շատ անհասկանալի պիտի մնա նրա լռությունը, որովհետև որքան բարձր տոնայնությամբ նա հայտարարում է իր բերած միլիոնների մասին, այնքան ցածր հնչեղությամբ շրջանցում է իր տարած միլիոնների թեման: Իսկ դրանք, մեր մեջ ասած, իրենց չափերով անհամատեղելի են: