«Twitter»-ն՝ ընդդեմ Բ26–ի քարոզչության
2016-05-17 14:19:00

Երեկ ուշ երեկոյան մտածում էի՝ ինչ լավ է, չէ՞, որ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը «Twitter»-ում գրանցված է, այլապես ո՞նց էինք իմանալու՝ Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Ապրի՛ «Twitter»-ը, որ հստակություն մտցրեց այդ «աշխատանքային այցի» հարցում:

Հետո էլ նայեցի հանդիպման 2,5–րոպեանոց տեսանյութը ու մտածեցի՝ ի՜նչ լավ է, որ Սարգսյանը բանակցություններում իրեն «շատ ուժեղ» է զգում՝ «ներազգային միասնությունից» ոգևորված. Լավրովի հետ շուլուխ է անում, տրամադրությունն էլ՝ բարձր-բարձր: Չնայած, նույն պահին սահմանին հայ զինվոր է զոհվել:

Իսկ նրա դիմաց նստած Ալիեւը էնքան «թույլ ու խեղճ» է ներկայացել, որ դեմքից լրջությունը կաթում է, ու կողքին մեկը չկա, որի հետ շուլուխ անի. Ադրբեջանը չորս օրում հայկական կողմին այդքան մարդկային ու տարածքային կորուստ է պատճառել:

Կարճ ասած, մեր կողմը բավական անբռնազբոսիկ եւ «ուժեղ» է իրեն զգում բանակցություններում: Թեև, ըստ Բ26–ի վարկածի, այդ հանդիպումը բանակցային գործընթաց չպետք է համարել: Ուղղակի «Twitter»-ն ու նշված տեսանյութը մեր գլխին զոռով «բանակցություններ սարքեցին»:

Կիմա Եղիազարյան

Այս նյութը դիտել են - 1382 անգամ