Միացյալ Նահանգները պետք է փորձի խթանել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը
2016-05-18 23:03:00

Միացյալ Նահանգները պետք է խթանի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան գնդապետ Ռիչարդ Օթզենը.

«Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել տարածաշրջանում կրքերի հանդարտեցում, որպեսզի անվտանգությունը չլինի ամենից մտահոգիչ խնդիրը եւ մարդիկ ի վիճակի լինեն դիմել ավելի ազատ, ստեղծագործ եւ բաց դիվանագիտությանը»:

Վերլուծաբանի խոսքով, հայկական եւ թուրքական կողմերը կարող են հարաբերություններում ճկունություն ցուցաբերել միայն կայուն պայմաններում, եւ հենց այդ հարցում կարող է օգնել ԱՄՆ-ը.

«Միացյալ Նահանգները յուրահատուկ է այն առումով, որ այն մի երկիր է, որը հետաքրքրված է Հայաստանի զարգացմամբջ, տեւական մշակութային կապեր ունի Հայաստանի հետ եւ ունի հայկական մեծ համայնք, եւ միեւնույն ժամանակ, ամուր անվտանգության կապեր ունի Թուրքիայի հետ»:

Ռիչարդ Օթզենի կարծիքով սակայն, Վաշինգտոնը կարող է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը միայն ապագայում՝ Սիրիայում եւ Իրաքում խնդիրները կարգավորելուց հետո: Գնդապետի հետ այս հարցում համամիտ է նաեւ Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը, ում համոզմամբ Թուրքիայի ներկա ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր արտահերթ ընտրությունները մեծ ակնկալիքների տեղ չեն թողնում.

«Յուրաքանչյուր անգամ, երբ Թուրքիայում ընտրություններ են, այդ երկրում ավելանում է ազգայնականությունն ու պոպուլիզմը, ուստի ամենահեշտ բանն է դառնում փոքրամասնությունների քննադատումը, լինեն հայերը թե այլ խմբեր»:

Փորձագետի կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանն ազգայնականության միջոցով ձայներ հավաքելու առիթը չի կորցնի եւ կփորձի սրել իրավիճակը ղարաբաղյան գոտում.

«Էրդողանի սուր ազգայնական պոպուլիզմը կարող է ազդել տարածաշրջանի վրա, համոզելով ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցում նրանք փոխզիջման գնալու կարիք չունեն, ինչն առավել կվատթարացնի իրավիճակը»:

Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ Էրդողանի կողքին այսօր Դավութօղլուի եւ Գյուլի նման քաղաքական գործիչների բացակայությունը լավատեսություն չի ներշնչում.

«Ժամանակին Թուրքիան եղել է տարածաշրջանում մի ամրոց, որտեղ զարգանում էր տնտեսությունը եւ Թուրքիան որպես խաղաղարար էր հանդես գալիս: Այսօր Թուրքիան պարզել է, որ գտնվում է հրդեհի հենց կենտրոնում եւ այլեւս ի վիճակի չէ ինքնուրույն կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:

Այս նյութը դիտել են - 1374 անգամ