Բաքվի փոթորիկի վնասները հայերի պատճառով մեծ եղան
2016-05-18 02:24:00

Օրերս Բաքվում ուժգին փոթորիկ էր: Բնական տարերքը մեծ վնասներ է պատճառել այդ քաղաքին, պոկվել են տանիքներ, հոսանքալարեր, խափանվել է տրանսպորտի աշխատանքը, արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:

Եվ քանի որ ադրբեջանցիներին արգելված է բողոքել որևէ բանից, ինչը կարող է ստվերել իշխանությունների աշխատանքը, այս դեպքում էլ քաղաքային ծառայությունների թերացումների և անգործության համար մեղավորներին առաջին հերթին սկսել են որոնել դրսում: Եվ գտել են:

Անմիջապես պարզվել է, որ ինչպես փոթորիկի, այնպես է տապալված ծառերի համար պետք է քարկոծել թշնամի հայերին, քանի որ Ադրբեջանի բոլոր դժբախտությունների պատճառը միայն նրանք են:

Այսպես, Milli.az կայքում հրապարակվել է Բաքվի Հաթայինյան շրջանի կենցաղային միավորման գլխավոր ինժեներ Սահիվ Բաբաևի խոսքը: Սա, իբրև թե քաղաքացիներին բացատրելով, թե ինչպես պատահեց, որ վնասների չափն այդքան մեծ էր, հետևյալն է ասել. «Ծառերը, որոնք հիմա ընկնում են մեր գլխին, տնկվել են հայերի կողմից: Ժամանակին տնկելով այս ծառերը` հայերը գլխացավանք են ստեղծել մեզ համար: Սոճիները մեծացել են, իսկ նրանց բները և արմատները չեն զարգանում»,- բացատրել է պաշտոնյան:

Ինչ խոսք, սա արդեն հիվանդ մարդու մեկնաբանություն է: Ու որպեսզի հիվանդությունն էլ ավելի չխորացնենք, այս անգամ կարիք չկա բաքվեցիներին հիշեցնել, որ իրենց մայրաքաղաքի հիմքերն էլ հայերն են դրել, և նավթային աշտարակները նույնպես հայերի ձեռքի գործն են ու, ընդհանրապես, այն ամենը, ինչ կա շրջապատում, բոլորն էլ հայկական արմատներ ունեն:

Եվ դրա մասին պետք է հիշել ամեն օր, այլ ոչ թե միայն փոթորիկից փոթորիկ:

shame.am

Այս նյութը դիտել են - 1296 անգամ