Սերժ Սարգսյանն, անշուշտ, խոսում է, բայց ոչ թե ժողովրդի, այլ Բաղրամյան 26-ի կողմից ընտրված լրագրողների հետ: Եվ այն էլ՝ «օդում, ջրում եւ ցամաքում»:
Ճիշտ է, 8 տարում նման ինքնաասուլիսներ հազվադեպ են եղել, բայց եղել են: Եվ, ի դեպ, «օդանավային ասուլիսը» նոու-հաու էր: Դե, մարդը միշտ էլ շեշտը դրել է ձեւի, ոչ թե բովանդակության վրա:
Ձեւականությունն այնքան շատ է, որ անգամ գավառական մակարդակի միզանսցեն էին ընտրել. լրագրողներին նրա դիմաց նստեցրել էին «տղա-աղջիկ-տղա-աղջիկ-տղա-աղջիկ» ձեւաչափով:
Հավանաբար, այս սիրողական մակարդակի «բեմավիճակն» այնքան խոր ազդեցություն էր թողել տղաներից մեկի վրա, որի մոտ չափազանց «հետաքրքիր» հարց ծնվեց՝ ինչպե՞ս է որոշվել, որ բանակցային սեղանի շուրջ ով որտեղ պետք է նստի: Հիրավի, մահացու հարց էր: Էլ ուրիշ հոգս ու դարդ չկա, միայն դա է կարեւորը՝ ով ում կողքին է նստում, ինչու, խի: Ցնցող հարց էր: Իրո՛ք: Եվ միակ հարցը, որը կարող էր տպավորություն ստեղծել, թե «օդանավային ասուլիսի» հարցադրումներն ու պատասխանները կոնկրետ պահին են հնչում: Այսպես ասած՝ «սպոնտան»:
Իրականում «օդանավային ասուլիսը» Վիեննայի հանդիպումից շատ առաջ եւ ավելի քան ծանոթ էր մեզ: Միայն «վայրն» էր անծանոթ: Իսկ բովանդակությունը պարզ էր դեռ չսկսված: Այդքան վարժ ու արագ չէր կարող մտածել ու խոսել ՀՀԿ ղեկավարը: Բավական ժամանակ է ունեցել «պարապելու», այն էլ՝ առանց թղթի (իսկ նրա խոսքի անհարթ մասերի կրճատումներն էլ ակնհայտ էին, ինչում կարող են համոզվել տեսանյութը նույնիսկ ոչ այնքան ուշադիր դիտողներն ու լսողները):
Ամենազարմանալին այն էր, որ մարդիկ երկնքում են քննարկում երկրի վրա իրականացվող փոփոխությունների հարցը: Ի՞նչ կապ ուներ այդ հարցը օրվա թեմայի հետ, երբ չորսօրյա պատերազմից հետո այդքան ներկայացուցչական կազմով հավաքվել են Վիեննայում: Բայց «օդանավային ասուլիսի» ծրագրում այդ հարցն էլ էին խցկել, որպեսզի Սարգսյանն իր տեսակետը հայտնի, ու ժողովուրդն էլ նայի երկինք ու լսի «Մովսես առաջնորդի» խոսքը:
Մի խոսքով, նա դեմ է կտրուկ փոփոխություններին: Հետո ինչ–որ սահմանադրական չակերտավոր բարեփոխումներով խոստանում էր դրական հեղաշրջում կատարել բոլոր ոլորտներում: Կարեւրը տոկոս խփելով հանրաքվեն «հաղթեցնելն» էր, ինչից հետո կտրուկ բաներից պետք է զգուշանալ:
Կտրուկ փոփոխությունների մասին ճառ կարող է ասել Հովիկ Աբրահամյանը, բայց ինքը Սարգսյանը շատ պահպանողական է: «Օդանավային խորաթայից» հետո սպանիչ էր իշխանական որոշ գործիչների գնահատականը, թե Ադրբեջանը շառաչուն ապտակ ստացավ: Վարագույր: Կատակերգությունն ավարտվեց:
Կիմա Եղիազարյան