Օսկան Քոչարյան
Երկու տարվա անհետացումից հետո վերջապես պատգամավորներին իր ներկայությամբ պատվել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: ԱԺ-ում քննարկվում էր ՎՊ 2015թ. տարեկան հաշվետվությունը, և զեկուցողն էլ անձամբ Զաքարյանն էր: Սակայն հենց առաջին րոպեներից օրենսդիրները արձանագրեցին մի անժխտելի փաստ՝ Իշխանն արդեն առաջվանը չէ: Նա հիմա չունի այն ոգևորությունն ու ագրեսիվությունը, որով նախկինում խոշոր բացահայտումներ անելու մարտահրավեր էր նետում և դասեր էր տալիս չինովնիկներին: Հիմա Զաքարյանը բավարարվել է ընդամենը մարզային նշանակության մեկ-երկու միջին կարգի պաշտոնյաների մերկացումներով, փոքր-մոքր չարաշահումներով, անկանոն թղթարարությամբ:
Խոսեց նաև գյուղատնտեսությունից, պտուղ-բանջարեղենից, հույս տվեց, որ իրենք կանդրադառնան դեղերի շուկային, ասաց, թե սոցիալական ոլորտն է ռիսկային, չմոռացավ դրամավարկային ծրագրերի թեման, պետական գնման ընթացակարգը, բայց այդ ամենին անդրադարձավ այնքան միապաղաղ ու հպանցիկ, որ ներկաները ձանձրացան, հետո նրանց համբերությունը սպառվեց ու վերջապես վրա տվեցին. «Իսկ խոշոր շնաձկե՞րը»: Հենց այստեղ էլ Իշխան Զաքարյանը նահանջեց դասալիք զինվորի նման:
Օրինակ, երբ նրան հիշեցրեցին, որ հրապարակումներ են եղել այն մասին, թե ֆինանսների նախարարությանը պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնում սաունաներ, թանկարժեք սիգարի սենյակներ են կառուցվել, իսկ հետո հարցրեցին՝ «Հետաքրքվե՞լ եք, թե ինչու պետք է նախարարությունը ինչ-որ հանգստի, ռելաքսի նման զոնա ունենա՝ նման ճոխ ատրիբուտիկաներով», Զաքարյանն անմիջապես կուչուձիգ եղավ և հարվածն իր վրայից շեղեց՝ ասելով, թե վերահսկողություն չեն արել այդ ուղղությամբ: «Մեր ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից, և այդ ծրագրով նման խնդիր կամ առաջադրանք չկա: Հետագայում կդառնա դա վերահսկողության առարկա, թե ոչ, հիմա չեմ կարող ասել»,- արդարացավ ՎՊ նախագահը:
Այս պատասխանը գրեթե նշանակում էր, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պինդ ընկույզ է, իսկ Իշխան Զաքարյանի ատամները շատ թույլ են նրան կոտրելու համար: Իշխանն այժմ կարող է միայն շատ փափուկ սնունդ ընդունել, այն էլ թեյի մեջ թաթախելուց հետո: Էլ չկա նախկին առողջությունը, նախկին էնտուզիազմը: Սարի պես տղան ավազահատիկ է դառնում: