Այս հաղորդաշարում Արցախի պատերազմական օրերի վերքերի լուսաբանումն է, որ ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսից: Հոգիդ փառավորվում է, երբ մեր փոքրիկ լեռնաշխարհի սարսափելի օրերին հայությունը համախմբվել էր մի գաղափարի շուրջ: Այստեղ հայրենի եզերքի կարոտով ապրող բանաստեղծուհու ռուսախոս գրիչն է թևածում, մի մարդասեր անձնավորություն, ում խոսքում հարազատ հայերենի հնչողությունն է:
Նելլի Ավակովնա, բանաստեղծուհի, ով փրկվել էր Սումգայիթյան ոճրագործությունից ու տարիներ առաջ բնակություն հաստատել հեռավոր Լոս Անջելեսում, ում ծննդյան տարեդարձն էր այդ օրը` շնորհավորական բազմաթիվ բարեմաղթանքներով… Անհատականություն, որ չցանկացավ այդ հիշարժան օրը մենակ երևալ այս հաղորդաշարում, նա իր շուրջը համախմբեց հրաշալի մարդկանց` իրենց խոսքով, արտահայտած կարծիքներով, բազում մտահոգություններով…Եվ այդ ամենի անունը Արցախ էր, հայրենի եզերք, ուր կարոտ կար, սեր ու անանցանելի սպիացած ու նորացված վերքեր:
Այստեղ ռուսագիր բանաստեղծուհու մտորումներին զուգահեռվում է հայրենիքին զինվորագրված Ազգային հերոս նվիրյալի խոսքը…Բոլորիս կողմից ճանաչված, անցած դարավերջի գեհենից փրկված արձակագիր գրողի խոսքում Հեռացող եզերքին>> զուգահեռված դիվանագիտական ասելիքի խորություն կա, առաջնագծում զոհված կամավորական առաջամարտիկի որդեկորույս հոր կսկիծ ու հպարտություն, լրագրության մեջ իր ճշմարտացի ասելիքով, նկարահանումներով հայտնի անհատականություն, հոգեբանի ու քաղաքագետի արտահայտած մտքեր, դրանց զուգահեռվում է Արցախում ապրող քաղաքագետի իմաստալից վերլուծականը, երևում է օտար ափերում ապրող հայկական համայնքի և հայրենիքի հոգսերով մտահոգ մարդը…
Այստեղ մարդասեր բանաստեղծուհուն իր ծննդյան օրը ուղիղ եթերով շրջապատել էին տարբեր եզերքներում ապրող մարդիկ, ովքեր մտահոգված էին Արցախի մի բուռ ժողովրդի ճակատագրով: Սա անսովոր տարեդարձ է, որտեղ մի ամբողջ աստղաբույլ աշխարհին ի ցույց է դրել հայի մարդասիրությունն ու հավերժական ոգին` ի հակադրություն ադրբեջանական կեղծ ու ստահոդ գաղափարախոսությանը:
Անվերջ կարելի է թվարկել արցախյան մեր սարսափելի օրերի արձագանքն արտահայտող այս հաղորդաշարի մասին, որի առանցքում սահմանային առաջնագծում հերոսացած նորօրյա հայ զինվորն է` իր անմահ սխրանքներով: Այն պետք է ամբողջանար հաղորդավարուհու անկաշկանդ խոսքով, որի կողքին իր բարեգործությամբ պետք է վեհանար անհատականություն, ում շնորհիվ հեռարձակվել էր այս հաղորդումը: Անսահման կարոտ կա այստեղ, որ տարագիր հայուհու տարեդարձը իմաստավորել ու դարձրել էր հայրենիք:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 2416 անգամ