Չնայած ուսանողական կյանքի դժվարություններին, 28-ամյա Արիել Սալոմոնը միշտ կրկնում է, որ ուրախ է, որ ընդհանրապես լույս աշխարհ է եկել.
«Ես մեծացել եմ, գիտակցելով, որ բախտավոր եմ»:
1939 թվականին, երբ գերմանական ուժերը Լեհաստան ներխուժեցին, Արիելի Աբրահամ պապը Լիտվա տեղափոխվեց, այնուհետեւ՝ Ճապոնիա՝ Ողջակիզումից փրկվելու նպատակով.
«Նրա ողջ ընտանիքը սպանեցին, ողջ էին մնացել միայն նա ու նրա եղբայրը»:
Արիելի պապը ողջ էր մնացել մեկ մարդու շնորհիվ:
«Մարդիկ պապիկիս Ճապոնիայի Շինդլեր էին անվանում», - ասում է Չիհիրո Սուգիհարան:
Չիհիռո Սուգիհարայի Չյուն պապը դիվանագետ էր աշխատում Լիտվայում Ճապոնիայի հյուպատոսարանում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հազարավոր հրեաներ փորձում էին այլ երկրներ տեղափոխվել, այդ թվում՝ Ճապոնիա, Հիտլերից փրկվելու նպատակով, սակայն, Ճապոնիայի իշխանություններն արգելել էին հրեաներին մուտքի վիզաներ տրամադրել:
Խախտելով սեփական իշխանության հրամանը՝ Չյուն Սուգիհարան 1940 թվականին 6,000 հրեաների Ճապոնիայի մուտքի վիզաներ էր տրամադրել, փրկելով նրանց կյանքը: Փրկվածներից մեկն էր Արիելի պապը.
«Պապիկիս վիզան շրջանակի մեջ մեր տան պատին է կախված, որպես այս հրաշալի պատմության հիշատակ», - ասում է Արիելը:
Չյուն Սուգիհարան իր արածի մասին չէր սիրում պատմել, սակայն այսօր նրա շնորհիվ աշխարհում ապրում է 40,000 մարդ, որոնք փրկված 6,000 հրեաների ժառանգներն են, պատմում է Իլինոյսի Հոլոքոստի թանգարանի ներկայացուցիչ Շուշանա Բահոլզ-Միլլերը.
«Հուդայիզմում ասում են, որ բարեգործության բարձրագույն տեսակը անանուն բարեգործությունն է, որի լավագույն կրողը հենց նա էր»:
Իր աշխատանքի համար Չյուն Սուգիհարան արժանացել է Իսրայելի բարձրագույն պարգեւներից մեկին:
«Միանշանակ կարծում եմ, նա հերոս է», - ասում է Բահոլզ-Միլլերը:
Չիհիռո Սուգիհարան հիշում է Չյունին՝ ուղղակի որպես բարի պապիկ.
«Հերո՞ս, կարծում եմ, նա չէր ուզում հերոս դառնալ, ուղղակի արել է այն, ինչ անհրաժեշտ էր»:
Այս նյութը դիտել են - 1159 անգամ