Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինիների համտեսի երեկո, որի ընթացքում ներկայացվեց հայկական գինեգործության հազարամյա պատմությունն ու հայկական գինիների լայն տեսականին: Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ գինեգործ Վահե Քյուշգերյանի խոսքով, որոշ չափանիշներով հայկական գինիները մրցակցությունից վեր են.
«Մի քանի բան կա, որով գերազանցում ենք այլ գինեգործ երկրներին, այդ թվում՝ բարձր այգիներով, հրաբխային հողերով, հայկական մեր տեսակներով: Այսինքն, եթե մենք 6,000 տարի գինի ենք պատրաստում, պատճառ կա, չէ՞»:
Քյուշգերյանի խոսքով, հայ գինեգործության համար ԱՄՆ-ի շուկան առավել հեռանկարային է, եւ հենց այս ուղղությամբ պետք է զարգանա հայկական գինիների արտահանումը.
«Միացյալ Նահանգները մեզ համար, իմ կարծիքով, ամենակարեւոր շուկան է։ Թեեւ շատերը համարում են Ռուսաստանն ավելի կարեւոր շուկա, ես համաձայն չեմ, քանի որ ամերիկյան շուկան, ամերիկյան սպառողները շատ ավելի պատրաստակամ են նոր գինիներ գնել»:
Հայ գինեգործներին ամերիկյան շուկա մուտք գործելու հարցում օգնում է Միացյալ Նահանգների խոշորագույն «Սմիթսոնյան» գիտամշակութային հաստատությունը: «Սմիթսոնյան»-ը Հայաստանում ամերիկյան միջոցներով ծրագիր է իրականացնում, որն ուղղված է հայկական ավանդական արտադրությունների խթանմանը: «Սմիթսոնյան»-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկա Ադելմանի խոսքով, հաստատությունը, որը զբաղվում է համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանմամբ, Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում.
«Սմիթսոնիան»-ի համար Հայաստանի նման մի երկրի հետ, որն ունի հազարամյակների պատմություն, անկոտրուն ժողովուրդ եւ հիասքանչ գեղեցկության վայրեր, համագործակցությունը իրապես պատիվ է»:
Պատմամշակութային ավանդույթները պահպանելով՝ հայ գինեգործները հույս ունեն նաեւ հաջորդ մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացնել հայկական գինիների արտահանումը Միացյալ Նահանգներ: Վահե Քյուշգերյանի կարծիքով, հաջորդ 8-10 տարիների ընթացքում Հայաստանը կարող է դառնալ գինեգործական երկիր՝ իր ոճով, համերի եւ արտադրանքի առանձնահատկություններով: Նա համոզված է, որ ամերիկյան սպառողներն անշուշտ կհավանեն Հայաստանում արտադրված գինիների տեսականին.
«Ամերիկյան շուկան մեծ է: Այստեղ որակ են փնտրում եւ պատրաստ են վճարել դրա դիմաց»:
Համտեսի միջոցառման ներկաներին այնքան էին տպավորել հայկական գինիները, որ շատերն անմիջապես սկսեցին կիսվել իրենց տպավորություններով սոցիալական ցանցերում: Վահե Քյուշգերյանի խոսքով, երեկոյի նպատակներից մեկն էլ հենց դա էր:
Այս նյութը դիտել են - 1923 անգամ