«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմից հետո հանրության շրջանում ամենուրեք հնչող հարցերից մեկն է՝ իսկ ուր են գնացել անցած 22 տարիներին բանակի սպառազինության արդիականացման համար հատկացված գումարները: Համընդհանուր պահանջն այն է, որ բյուջետային միջոցների տնօրինման նախկին վերաբերմունքը փոխվի, և այն պետական պաշտոնյաները, որոնք պետբյուջեն դիտարկել են իբրև հարստանալու աղբյուր, հեռանան իշխանության ղեկից: Այսօր արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում փոխվել և փորձում են շարունակել հանրությանը «լոլոներով կերակրել», իբր իրենք բարեփոխումները վաղուց են նախաձեռնել: Անցած տարիները վերգնահատելու և հետևություններ անելու տեսանկյունից ուշագրավ է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք նա ներկայացրեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:
«Իհարկե, ունենք բավականին մեծ բացթողումներ, կան նաև սխալներ, բայց բացթողումներն ավելի շատ են, քան սխալները: Համոզված եմ, որ սա սառը ցնցուղ է լինելու մեզ՝ ոչ միայն իշխանությունների, այլև բոլորիս համար: Մենք՝ որպես քաղաքացիներ ու հայեր, գիտակցելու ենք մեր առաքելության իմաստը, որ այս հնարավորությունն ունեինք ոչ միայն հաղթելու 90-ականների մարտական գործողություններում, այլ նաև տասնամյակների ընթացքում պահելու և զարգացնելու մեր ունեցածը»,- ասել է Հարությունյանը:
Այսինքն՝ Արցախում, ի տարբերություն Երևանի, իրավիճակն ավելի սթափ են գնահատում: Երբ հետաքրքրվեցինք, թե այս ֆոնին ի՞նչ են տալիս ՀՀ պաշտոնյաների կամուֆլյաժով այցերը Արցախ, Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղի սահմանի զինվորը սպասում է դրան, որ պաշտոնյան կամ գործարարը գան՝ արժևորելու մեր զինվորի և կամավորականի առաքելությունը: Դրանում վատ բան պետք չէ տեսնել: Թե ինչքանով է այդ պաշտոնյան կամ գործարարն իր պարտավորությունները կատարում իր գործում, դա հարցի մյուս կողմն է: Բայց այն, որ զինվորը սպասում է նրանց, միանշանակ է» ,- բացատրեց Արցախի վարչապետը»:
Այս նյութը դիտել են - 1239 անգամ