Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ 800 հեկտարն ամայի տարածք է, նշանակո՞ւմ է, որ մեր զինվորները կռվել են մի տարածքի համար, որի մասին պետք է մոռանանք:
«Մարտական գործողությունների ժամանակ լինում է զորքերի տեղաշարժ: Պաշտպանության բանակի ողջ անձնակազմն իր առջեւ դրված խնդիրը կատարել է: Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ ողջ անձնակազմի, տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ տարածքներում եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը կվերաբերվի նաեւ այս տարածքներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հարցին՝ մենք պետք է մոռանա՞նք այդ տարածքների մասին, ինչպես Վահրամ Բաղդասարյանն է ասել, նախարարը նշեց. «Ինչպես մենք չենք մոռանում մեր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ: Դրա համար մենք ստեղծել ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որ վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես հայտարարել էր. «Հարկավոր է ավելի խորամիտ լինել, հետեւանքների մասին մտածել, ոչ թե այն հողը, որն ընդհանրապես որեւէ ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք էր, որի մասին ընդհանուր առմամբ մենք երկար ենք խոսել եւ դեռ պետք է շարունակենք խոսել: Ինձ թվում է՝ պետք չէ ծանրանալ այդ խնդրի վրա»:
Այս նյութը դիտել են - 1222 անգամ