ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով. Հունաստանի պաշտպանության նախարար
2016-05-23 12:05:00

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն է ընձեռված վերապատրաստում անցնելու Հունաստանի Հանրապետությունում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար: «Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը եւ բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ հավելել, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն նախարարին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով: «Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսեւորում են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Պանոս Կամենոսն իր հերթին կարեւորել է հայ-հունական եղբայրական հարաբերությունների ամրապնդումն ու սերտացումը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ նախորդ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունած Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը պարգեւատրել է Պանոս Կամենոսին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Նույն օրն Էդուարդ Շարմազանովը եւ Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: 

Այս նյութը դիտել են - 1479 անգամ