«Հայաստանը դեռ ոչ մի կերպ չի հաղթահարել այս «ոչ լիարժեք» պատերազմը, քանի որ իրավիճակը շփման գծում չի նախորդում ապրիլի 1-ը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո:
Նա նշեց, որ կարելի է որքան ցանկանում եք խոսել այն մասին, որ Ադրբեջանը զբաղեցրել է միայն «մի քանի սանտիմետր» հող, սակայն հենց այս հանգամանքն էլ փոխում է ողջ գործը:
Ըստ նրա, եթե կողմերը մնային կանգնած այնտեղ, որտեղ կանգնած էին, բանակցային նոր փուլը կկայանար և ինչ-որ բանի կտաներ: «Բայց ներկայումս, փաստորեն, Ադրբեջանը ավելի է մոտեցել Հայաստանին և հայտարարել իր պահանջների մասին: Սրանից ելնելով` կարելի է կանխատեսել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը: Բնականաբար, Հայաստանը ստիպված է լինելու կտրուկ դիմադրություն ցույց տալ, բայց հենց դա էլ կլինի լայնամասշտաբ պատերազմը: Հայաստանին մեծ ընտրություն չեն թողել` կա՛մ գնալ բանակցությունների «ճանապարհային քարտեզ»-ին համապատասխան, հանձնելով Ղարաբաղն ու հարակից տարածքները կտրուկ սահմանված ժամկետներում, կա՛մ զինվել ու պատրաստվել պատերազմի: Բայց ցանկացած իրավիճակից ելքեր գտնվում են, ելք կա նաև այստեղ: Եվ դա Կովկասում ընդհանուր վստահության գոտու ստեղծումն է, քանի որ պարզ, մեխանիկական վերադարձը սովետական ներքին սահմաններին այլևս անհնար է: Այնինչ հարցի նման ձևակերպման համար անհրաժեշտ է փոխել այն բոլոր գործիքներն ու այն բոլոր մասնակիցներին, որոնք զբաղվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով վերջին տասնամյակների ընթացքում:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հասարակական գործիչներին այնպիսի երկրներից, ինչպիսին Վրաստանն է: Առավել ևս, երբ Ադրբեջանը ևս հրապարակային կերպով արտահայտում է իր դժգոհությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ: Բայց դա խնդրի միայն մեկ մասն է»,-նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:
Այս նյութը դիտել են - 1614 անգամ