Սեյրան Օհանյանը՝ 200 միլիոն վարկի զենքի հասնելու և Սամվել Բաբայանի վերադարձի մասին
2016-05-24 09:50:00

«Ադրբեջանական կողմը, առաջին հերթին, պետք է պատասխան տա պատերազմական, տեռորիստական կազմակերպություններին հարիր հանցագործությունների համար»,-այսօր Ազգային ժողովում խոսելով ադրբեջանական կողմի այն մեղադրանքների մասին, թե հայկական կողմը զենքի գործադրմամբ մասսայական ոչնչացում է իրականացրել, այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմից, ՊԲ-ի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի անգամ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը չտուժի. «Այդ ամենը հերյուրանքներ են, սուտ են»:

Խոսելով այն մասին, թե ե՞րբ է 200 միլիոն վարկի ռուսական զենքը հասնելու Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարն ասաց, որ իրենք աշխատանքներ տանում են, պայմանագրերի մի մասը կնքված են. «Այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այդ միջոցներից որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, և մենք աշխատում ենք, որ արագ կերպով այն տեղափոխվի»:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը եկել է Հայաստան, և արդյոք նա կարո՞ղ է օգտակար լինել այս իրավիճակում, Ս. Օհանյանն ասաց. «Կարծում եմ ՝ և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է աշխատի իր փորձն ու ունակությունները ներդնել մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»:

Այս նյութը դիտել են - 1691 անգամ