ԱՄՆ-ի հանրապետականները պահանջում են կոշտացնել քաղաքականությունը Իրանի նկատմամբ
2016-05-25 09:10:00

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը քննադատում է միջուկային ծրագրի դադարեցման շուրջ Թեհրանի հետ Սպիտակ տան գործարքը եւ պահանջում կոշտացնել ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ: Սենատի բանկային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Շելբիի խոսքով, ամերիկյան պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանի քաղաքականությունը զգալի փոփոխություն չի կրել.

«Իրանը շարունակում է, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ընդլայնում վտանգավոր իր քաղաքականությունը»:

Իրանի հետ գործարքը, որի շրջանակներում Թեհրանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական միջուկային ծրագիրը, իսկ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներ պետությունների հետ միասին համաձայնել էին վերացնել Իրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը, լուրջ քննադատության է արժանացել Կոնգրեսի հանրապետական մեծամասնության կողմից: Սենատոր Շերոդ Բրաունի կարծիքով, պատժամիջոցները թույլ էին տալիս Վաշինգտոնին իր պահանջներն Իրանին առավել լսելի դարձնել.

«Տնտեսական պատժամիջոցները, լինեն Իրանի, Ռուսաստանի կամ Բիրմայի նկատմամբ, ինքնանպատակ չեն: Դրանք թույլ են տալիս դիվանագիտության օգնությամբ երկրներում կարեւոր փոփոխություններ առաջ տանել»:

Բացատրելով գործարքի կարեւորությունը՝ ԱՄՆ-ի գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն ընդգծում էին, որ պատժամիջոցների քաղաքականությունն օգուտ չէր բերում, եւ միայն բանակցությունների միջոցով հնարավոր դարձավ հասնել Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը: Գործարքի շրջանակներում Իրանը ստացել է միջազգային շուկայում իր էներգակիրները վաճառելու եւ միջազգային վարկեր ստանալու իրավունք: Միացյալ Նահանգները նաեւ վերացրել է արգելափակումը, որը դրված էր Իրանի խոշոր դրամական միջոցների վրա:

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի տնօրեն Մարք Դուբովիցի խոսքով, վերադարձնելով Իրանին միլիարդավոր դոլարներ եւ թույլատրելով այս երկրի մուտքը նավթային շուկա, Միացյալ Նահանգները փաստորեն փրկել է այդ երկիրը տնտեսական լուրջ ցնցումներից.

«Այսպիսով, Իրանը տնտեսական օժանդակություն ստացավ, ինչը Թեհրանին թույլ տվեց խուսափել ծանրագույն տնտեսական ճգնաժամից եւ ավելին, որոշակի աճ գրանցել»:

Հատկանշական է, որ Օբամայից պահանջում են Իրանի դեմ ավելի կոշտ քաղաքականություն վարել ոչ միայն հանրապետականները, այլեւ՝ որոշ դեմոկրատներ, որոնք անհանգստացած են Իրանի՝ բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրով:

Այս նյութը դիտել են - 1468 անգամ