Կարապետ Գուլոյանը շահագրգիռ է եղել, որ Արամ Դանիելյանը դառնա քաղաքապետ, քանի որ նա իր «ընկերն ու իշխանության թեկնածուն էր»
2016-05-25 09:50:00

«Մենք դեռ ոչ մի հանձնարարական չունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Կոտայքի մարզի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ խոսելով վարչապետի հանձնարարականների մասին՝ մարզպետարաններում կրճատումներ անելու մասով:

Նա նշեց, որ Կոտայքի մարզում մարզպետարանի ենթակայության տակ կա 8 մեքենա, որոնք կարևոր են, սակայն, եթե լինի հանձնարարական, կկրճատեն: «Եթե հանձնարարություն կա, նման խնդիրներ կան ֆինանսական, պետք է միասին այդ հարցերը լուծենք, հո մեզ համար բացառություն չե՞ն անելու»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մարզպետը չեզոքություն չդրսևորեց և սատարեց Արամ Դանիելյանի թեկնածությունը՝ Կ. Գուլոյանն ասաց. «Բայց ինչո՞ւ չեզոք դիրք ընդունեմ, ես՝ որպես մարզպետ, գտել եմ, որ որպես Հրազդանի քաղաքապետ՝ տեսնում եմ Արամ Դանիելյանին»:

Լրագրողի ճշտող հարցին, թե՝ ինչո՞ւ էիք շահագրգիռ, որ Արամ Դանիելյանն ընտրվեր, մարզպետն այսպես արձագանքեց. «Որովհետև իմ ընկերն է, երկրորդը՝ իշխանության թեկնածուն է, և ես էլ Կոտայքի մարզպետն եմ, պաշտպանել եմ Արամ Դանիելյանին»:

Դիտարկմանը, թե՝ բնակչությունը դժգոհ էր նրանից, Կ. Գուլոյանն ասաց, որ, եթե դժգոհում էր, թող չընտրեր:

Հարցին՝ Հրազդան քաղաքի վիճակը Ձեզ գոհացնո՞ւմ է, Կ. Գուլոյանը պատասխանեց, որ չի գոհացնում: Խոսելով այն մասին, թե արդյոք քաղաքապետին նկատողություն արե՞լ է՝ մարզպետն ասաց, որ նկատողություն չի արել, բայց բազմաթիվ անգամներ խոսել է նրա հետ այդ թեմայով:

«Եթե դուք համայնքային բյուջեները նայեք, կտեսնեք, որ Արամ Դանիելյանն այդ բյուջեով չէր կարող այդ խնդիրները լուծեր»,- նշեց նա:

Այս նյութը դիտել են - 1493 անգամ