«Վիեննայի հանդիպման արդյունքները բավարար են, առավել կարևոր են հետագա հանդիպումների ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին:
Նա նշեց, որ ապրիլյան պատերազմը ցավալի վնասներ հասցրեց Վրաստանի երկու հարևան երկրներին` Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև տարածաշրջանին` իրավիճակը Հարավային Կովկասում դարձնելով էլ ավելի խոցելի: Սակայն, ըստ նրա, դրական է, որ արևմտյան համանախագահների ջանքերի շնորհիվ նախագահներին հաջողվեց նստեցնել բանակցային սեղանի շուրջ, ինչը կարևոր էր ոչ այնքան բովանդակային առումով, որքան հակամարտող երկրների նախագահների միջև շփումը վերականգնելու տեսանկյունից:
«Կարևոր եմ համարում կազմակերպված հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացվածության բարձր մակարդակը, ինչը լրջություն հաղորդեց հանդիպմանը: Արդյունքների մասին նման լարվածությունից հետո խոսելը դժվար կլիներ, ներկայիս արդյունքները, իմ գնահատմամբ, բավարար են: Շատ բան արդեն կախված է ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա կատարումից, որը կբացահայտի որոշակի կարգավորման ընդառաջ գնալու՝ կողմերի պատրաստակամությունը»,- նման տեսակետ հայտնեց Մենագարիշվիլին:
Վերջինիս համոզմամբ՝ կողմերն ունեն նման ցանկություն, արտաքին խաղացողները, մասնավորապես՝ Ռուսաստանը, հետաքրքրված են հակամարտության պահպանմամբ, և ոչ՝ կարգավորմամբ: Ուստի, ըստ վրացի վերլուծաբանի, արևմտյան միջնորդները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը:
«Նրանք պետք է հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավված լինեն այնքան, որքան Ռուսաստանը, որը, բացի ներգրավվածությունից հակամարտությունում, ունի ազդեցության հզոր լծակներ հետսովետական երկրների նկատմամբ: Պետք է այս բացերն ինչ-որ կերպ վերացնել՝ կարգավորման գործընթացի խնդիրները ևս վերացնելու նպատակով: Արևմուտքի ներկայիս արտաքին քաղաքականության պատճառով բանակցային ոչ մի գործընթացում առաջընթաց չի նկատվում»,- ասաց Մենագարիշվիլին: