Ինչո՞ւ ընտանեկան այս կեղտոտ սպիտակեղենը դուրս էր հանվել ի ցույց հանրության ...
2015-12-15 14:17:00

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրել տան անդամների նկատմամբ:

Ավելի ուշ այստեղից հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել երիտասարդ աղջկա և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով: Առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է մի շարք աղմկահարույց դեպքերից հայտնի գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:

   Նշենք, որ Յուրա Ղարիբյանն այն շատ գործարարներից է, ով հանրությանն առավել հայտնի է իր շուրջ պտտվող աղմկալի պատմությունների մասին զանազան լուրերով: Նախ նշենք, որ «Շանթ» ընկերության, այն ժամանակ «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր «Շանթի Յուրա»-ն շքեղ առանձնատուն ունի Քոբուլեթիում: Նրա երեքհարկանի առանձնատունը գտնվում է անմիջապես ծովի ափին մոտ:  

 Դեռևս 2012 թվականին մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ղարիբյանն այդ ժամանակ հայտնի էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած մտերմիկ կապով: Վերջինս նաև բիզնես էր նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել էր համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում էր այնտեղից գնումներ անել: Այսպիսով` Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում էր մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր: Սույն անձը առավել հայտնի է դարձել իր թիվ մեկ ոխերիմ թշնամի՝ հարազատ եղբոր՝ Մանվելի հետ ունեցած, մեղմ ասած, տարաձայնությունների հողի վրա:

 Եղբայրների մշտական դարձած վեճ ու կռվի հետևանքն այն էր եղել, որ ընտանեկան բիզնեսը` «Շանթ» ընկերությունը, բաժան-բաժան էին արել. մեկին` Յուրա-Վարշամին, մնաց «Շանթը», իսկ Մանվելը «Շանթին» ավելացրեց մոդայիկ դարձած էլիտար բառը՝ «Էլիտ Շանթ»: Ուշագրավն այն է, որ այդ ժամանակ մամուլում ինտենսիվորեն լուրեր էին շրջանառվում, թե  «Շանթ» ընկերության սեփականատերերից մեկը համարող ոմն Սամվել Ղարիբյան նամակով դիմել նախագահին: Նամակում ասվում էր, թե՝ պարոն նախագահ, խնդրում եմ պաշտպանեք եղբայրներիս և մեր ընտանեկան բիզնեսը հանրապետության դատախազի ոտնձգություններից: Քանի որ ընտանեկան այս կեղտոտ սպիտակեղենը դուրս էր հանվել ի ցույց հանրության, հետևաբար, մարդկանց մոտ հետաքրքրություն էր առաջացել, թե ինչից իրականում սկսվել վեճուկռիվը:

Այսպես, ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, թե երբ Մանվել և Յուրա Ղարիբյանները 1986-91 թվականներին ստեղծում էին իրենց բիզնեսը, սույն նամակի «հեղինակ» Սամվել Ղարիբյանը Հայաստանում չէր: Նա 1984-ին Ուկրաինայում սպանության փորձի համար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Բարոյականությունից խոսող այս մարդը 22 դանակի հարված էր հասցրել տուժողին: Ծանոթ-բարեկամ մեջ գցելով՝ Ուկրաինայում պատիժը կրող իրենց դատապարտյալին եղբայրները 1990-ին տեղափոխում են Հայաստան, իսկ 1991-ին նա ազատ է արձակվում: Եղբայրներն էլ նրան որպես ապրուստի միջոց իրենց համատեղ բիզնեսի մասը կազմող մի խանութ են տալիս, թե` աշխատեցրու, ապրի: Այսինքն՝ այդ խանութն էլ նրա սեփականությունը չէ: Իսկ ահա այս վեճի արդյունքում իրադարձություններն այնպես էին զարգացել, որ անգամ քրեական գործ էր հարուցվել: Մեղադրանքի հիմքում կրտսեր եղբոր այն պնդումն էր, թե ավագը, եղբայրական կապերի օգտագործմամբ չարաշահելով իր վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում «Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16 մլն 800 հազար դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները: Դատավարությունը տևել է մեկ տարի ութ ամիս: «Շանթի Յուրան» պարտվել էր եղբորը:

Իսկ բաց նամակը՝ ուղղված նախագահին, որը ներկայացնում ենք ստորև, իր մեջ պարունակում է մի շարք այլ բացահայտումներ ևս: «Դեռևս 2008 թ.սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանին անմիջապես իր հայրական տան դիմացից առևանգել, Երևանում գործող «Էլիտ Շանթ» գործարան է տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկել բազում հանցագործությունների կատարած և անպատիժ մնացած Վարշամ (Յուրա) Ղարիբյանը: Այս գործողությունների նպատակն է եղել ստիպել Հ. Եղիազարյանին ստացականներ գրել այն մասին, թե իբր  պարտքով վերջինս խոշոր գումար է վերցրել Վ. Ղարիբյանից: Ստացականները ստիպողաբար գրելուց հետո Վ. Ղարիբյանը  վերցրել է Հ. Եղիազարյանի գրպանում եղած 120.000 ՀՀ  դրամը, որից միայն 5000 ՀՀ դրամն է վերադարձրել`տաքսիով տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան ևս Վ. Ղարիբյանը պահել է  գործարանի տարածքում: Ծեծի հետևանքով Հ. Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում`գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և մինչև 2008 թ. հոկտեմբերի վերջերը բուժում է ստացել տարբեր բուժ հաստատություններում:

Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի  քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առևանգելու փոստի առթիվ: Միայն 13.02.2009 թ. է Վարշամ Ղարիբյանին մեղադրանք առաջադրվել, այն էլ ՀՀ քրեկան օրենսգրքի 117-րդ հոդվածով Հ. Եղիազարյանին թեթև վնաս պատճառելու կապակցությամբ: Ակնհայտ թերի, միակողման քննություն կատարելուց հետո, նախաքննական մարմինը 3 անգամ` 28.02.2009 թ., 06.08. 2009. և 11.03.2010թ.  որոշումներ է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի  նկատմամբ քրեական հետապնդումը  դադարեցնելու մասին: Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության  դատարանը երեք անգամ  շարունակ`30.06. 2009թ., 19. 10. 2009թ. և 10.06.2010թ. վերացրել է քրեական գործի վարույթ կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները և կարճված քրեական գործի  վարույթը վերահսկվել է: Անգամ այս աստիճան միակողմանի նախաքննությամբ ձեռք բերված  ապացույցներն անգամ հիմնավորում են Վարշամ Ղարիբյանի կողմից  կատարված հանցագործությունների փաստը թույլ է  տալիս օրենքով  սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել քրեական  պատասխանատվության:

Քննչական մարմնի և նրա նկատմամբ հսկողություն իրականացնող  դատախազության նման պահվածքն ունի իր պատճառները: Քրեական գործի շարունակաբար ապօրինի կաճումներն ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ:  Գաղտնի չէ, ու մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի  անձնական հովանավորության ներքո: Հենց դա է պատճառը, որ  Վ. Ղարիբյանը գնացել է նման լկտի ու սանձարձակ քայլի, համոզված լինելով, որ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ  խուսափելու է  պատասխանատվությունից և անպատժելիությունը Վ. Ղարիբյանին դրդում է  նորանոր հանցագործություններ կատարելու: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը  կատարել է բազմաթիվ հանցագործություններ  ու դրանց  վերաբերյալ հարուցված քրեական գործերը  միմյանց հաջորդելով կարճվել են: Ի վերջո, Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը կատարել է և 17. 09. 2010թ. քննիչի կողմից (որի եղբայրն ի դեպ նույնպես աշխատում է  Վ. Ղարիբյանի մոտ  որպես առաքիչ) կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ: Այս մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն ու այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել է: Այժմ կայացված որոշումները Հ. Եղիազարյանի կողմից  բողոքարկվել են ՀՀ Վճռաբեկ դատարան և մենք բոլորս սպասում ենք այդ դատարանի որոշմանը: Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն  այնքան զորեղ է, որ Վ. Ղարիբյանը կարողանալու է հերթական անգամ խուսափել կատարվածի համար արժանի, օրենքով սահմանված պատասխանատվությունից:

Ավելին` անպատասխանատվությունից թևավորված Վ. Ղարիբյանը, օգտագործելով առևանգման ու ծեծի հետևանքով ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի դեմ և հիմա էլ ցանկանում է նրա ձեռքից խլել հայրական տունը, ընտանիքը թողնելով փողոցում: Հարգելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք Ձեզ հայցելով Ձեր միջամտությունը Հ. Եղիազարյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված րեական գործը վերսկսելու և օրինական ընթացք ապահովելու հարցում: Ս.թ փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի հարազատներս ու  համագյուղացիներս այցելել էինք Նախագահի նստավայր ու Ձեզ հասցեագրված դիմում հանձնել, որում առավել մանրամասն  ներկայացված էր կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ  գլխավոր դատախազություն: Փաստորեն ստացվում է, որ դիմումը բարձրացված հարցերի պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից ղեկավարվող  հիմնարկը: Համոզված են, որ դիմումի բովանդակությունը Ձեզ պատշաճ կարգով չի զեկուցվել, այլապես չէր վերահասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ դիմել  բաց նամակի ձևով, հավատալով, որ կատարվածի մասին  տեղեկանալով թույլ չէք տա, որ օրինազանցն  օգտվի պետական պաշտոնյայի հովանավորությունից և խուսափի պատասխանատվությունից:

Հարգելի պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ հանձնարարությունը  պատշաճ մարմիններին օբիեկտիվ և բազմակողմանի քննություն  կատարելու և հանցագործություն կատարած Վ. Ղարիբյանին  պատժելու համար»: Իսկ թե ինչն է պատճառը, որ ավազակային հարձակման համար ընտրվել է հենց «Շանթի Յուրայի» առանձնատունը, պարզ կդառնա շատ շուտով՝ քննության արդյունքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/460542/ 



Այս նյութը դիտել են - 1680 անգամ