Համեմատեք աշխատավարձերը
2016-05-27 09:20:00

Մոսկովյան Տնտեսագիտական բարձրագույն դպրոցը հրապարակել է Ռուսաստանի տնտեսության 2015թ. վերլուծությունը: Ռուսական մամուլում այն ներկայացվում է հյութեղ ու դաժան վերնագրերով: Ամենատարածված վերնագիրը սա է` «Ռուսաստանում միջին աշխատավարձի չափը նվազել է` հասնելով Բելառուսի և Ղազախստանի աշխատավարձերի մակարդակին»:

ՌԴ պետական ու քաղաքական շրջանակները վաղուց արդեն չեն թաքցնում, որ արևմտյան տնտեսական պատժամիջոցները լուրջ հետևանքներ են թողնում: Ռուս չինովնիկները, իհարկե, հեգնանքով պնդում են, որ ԱՄՆ նախագահը չարաչար սխալվեց, երբ 2014-ի վերջին հայտարարեց, որ «ՌԴ տնտեսությունը բզիկ-բզիկ է արված»: Բայց միևնույն է` տնտեսական ճգնաժամի իրական չափերը թաքցնել հնարավոր չէ: Ռուսական ռուբլու համարյա 2 անգամ արժեզրկման պարագային ՌԴ իշխանությունները շարունակեցին կոշտ տնտեսական քաղաքականությունը, որ որոշակի կայունություն տվեց ֆինանսական շուկային: Բայց դա ամենաուղիղ ճանապարհով՝ լուրջ հարվածեց բնակչության տնտեսական վիճակին:

ՌԴ վարչապետը Ղրիմ կատարած վերջին այցի ընթացքում շատ կարճ կտրեց թոշակառուի հարցը թոշակների բարձրացման մասին: Մեդվեդևը պատասխանեց՝ «Փող չկա»: Ու վերջ: Հիմա աշխատավարձերն Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Չեխիա, Խորվաթիա, ավելի բարձր են, քան Ռուսաստանում: Խորհրդային Միությունը գոյության ողջ ընթացքում իր տնտեսական ցուցանիշները համեմատում էր ցարական Ռուսաստանի 1913թ. ցուցանիշների հետ:

Խորհրդային Միությունը միայն 40-50 տարի հետո կարողացավ գերազանցել 1913թ.-ը: Այսօր ռուսական տնտեսագետների համար 2012թ. դառնում է այնպիսի ցուցանիշ, ինչպիսին խորհրդային տնտեսագետների համար 1913թ.-ն էր: 2012թ. հետո ՌԴ-ն աշխատավարձի չափով առաջին անգամ զիջեց արևելաեվրոպական պետություններին: 2015թ. ՌԴ-ում միջին աշխատավարձը կազմել է 558 ամերիկյան դոլարին համարժեք ռուբլի: ԱՊՀ երկրներից ՌԴ-ին ամենամոտը Ղազախստանն է՝ 549 դոլար ցուցանիշով: Այնուհետև Ադրբեջանը՝ 431 դոլար, հետո Բելառուսը՝ 415:

Մեր Ազգային վիճակագրության պաշտոնական վերջին (2016-ի մարտ) տվյալներով՝ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 388 դոլար: Եթե հարևան երկրի հետ համեմատությունը ձեզ մոտ տխուր զգացողություններ ծնեց, ապա մեր միջին ցուցանիշը համեմատեք որակական միջին աշխատավարձի հետ: Ուկրաինայում 2015-ին միջին աշխատավարձը կազմել է 190 դոլար: Իսկ Ռուսաստանում ֆինանսական կայունություն ապահովել հնարավոր եղավ միայն ֆիսկալ քաղաքականության արդյունքում, երբ արժեզրկման գործընթացին հակառակ՝ պետությունն աշխատավարձ-նպաստ-թոշակներն ավելացնելու փոխարեն՝ նույնիսկ ռուբլու փոխարժեքով առանձին դեպքերում սկսեց կրճատել դրանք:

Արդյունքում՝ այս տարի ռուսաստանյան աշխատավարձերի ցուցանիշները համադրելի դարձան Չինաստանի 2011-12թթ. տվյալների հետ: Աշխատավարձերի կրճատումը նկատելի է ՌԴ պետական աշխատավարձերը դիտարկելիս: Այս տարի ՌԴ պետական կառույցում միջին աշխատավարձը կազմում է 2 հազար 307 դոլար: Ցավոք, մեր վիճակագիրներն այլևս չեն հրապարակում միջին աշխատավարձերի տարբերությունը պետական ու մասնավոր ոլորտներում: Բայց պետական ոլորտի որոշ աշխատավարձեր հայտնի են, և դրանք կարելի է ռուսաստանյան ցուցանիշների հետ համադրելով ներկայացնել: Այս տարի ՌԴ Դումայի պատգամավորի միջին աշխատավարձը կազմել է 1612 դոլար: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ստանում է համարյա համադրելի գումար՝ մոտ 1375 դոլար:

Ռուսաստանի կառավարության աշխատակազմում միջին աշխատավարձը 2307 դոլար է: Փաստորեն, ՌԴ-ում կառավարության աշխատակազմի աշխատավարձը օրենսդիր մարմնի համեմատ՝ նկատելի բարձր է: Ռուսական պետական կառույցի էլիտան (աշխատավարձի չափի առումով) համարվում է ՌԴ նախագահի աշխատակազմը, ուր միջին աշխատավարձը կազմում է 3085 դոլար: Որքան էլ տարօրինակ լինի՝ Ռուսաստանի իշխանությունները գոնե աշխատավարձերի չափերի առումով ավելի թափանցիկ են: Ավելի թափանցիկ են մերոնց համեմատ: Հայաստանում նախագահի կամ կառավարության աշխատակազմերի աշխատավարձերը չեն հրապարակվում:

Ուստի համեմատության նկատմամբ հատուկ թուլություն ունեցողներին կարող ենք առաջարկել ՌԴ պետական աշխատավարձերը համեմատել ՀՀ նախագահի աշխատավարձի հետ: Այն կազմում է մոտ 1875 դոլար: Մոսկովյան Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ուսումնասիրություններով՝ ՌԴ ընտանիքների 55 տոկոսը գտնում է, որ իր տնտեսական վիճակը վերջին 12 ամսվա ընթացքում վատացել է: Ավելին՝ բնակչության 38 տոկոսը նշում է, որ չի կարողանում կատարել իր պարտադիր վճարումները: Այս թվի 63 տոկոսը հստակեցրել է, որ չի կարողանում ամբողջությամբ վճարել կոմունալ ծախսերը:

Ռուս տնտեսագետները նաև արձանագրում են, որ 2012թ. հետո 2015թ.-ին առաջին անգամ պետական կառույցները սկսել են ուշացնել աշխատավարձերի ու թոշակ-նպաստների վճարումները:

Այնպես որ, ռուսաստանյան տնտեսական իշխանությունների պնդումը, թե տնտեսական անկման գործընթացն ավարտվել է, գոնե կասկածելի է: Գրում է 168.am

Այս նյութը դիտել են - 1766 անգամ