Ծառայողական մեքենաների կրճատման «ֆլեշմոբը» եթե ոմանց համար գնալով առավել գայթակղիչ է դառնում, ապա ոմանց կյանքում էլ նախանշում է սև շրջանի սկիզբը: Կարծես դժբախտությունն է, որ եկել ու թակում է դուռը: Հավանաբար, հենց այդպիսի կանխազգացողություն էլ պիտի ունենա սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով իր համար հանգիստ, անխռով ապրում էր ու հանկարծ ընկավ խնայողության ռեժիմի տակ:
Այսօր նա սրտի ցավով լրագրողներին տեղեկացրեց. «Մեր մեքենաներն արդեն կրճատվել են, դուք կարող եք բացել ու նայել: 14 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել»: Ոչ ոք չշտապեց հետաքրքրվել, թե սպորտի նախարարությունում այդքան աշխատակից կա՞, որ այդքան մեքենաներ են սպասարկել: Փոխարենը լրագրողի շուրթերից ակամա դուրս թռավ պահի համար ամենաանկեղծ հարցը. «Իսկ հնարավո՞ր է, որ սպորտի և երիտասարդության հարցերի ամբողջ նախարարությունն էլ կրճատվի»:
Գաբիել Ղազարյանը հարցասեր լրագրողին նայեց այնպիսի մի հայացքով, ինչպես կնայեն նրան, ով կարողացել էր թափանցել հոգու ամենախոր անկյունները և տեսնել այնտեղ քողարկված տագնապը: Նայեց, ոչինչ չասաց ու հեռացավ: Հիմա արդեն նա հաստատ գիտի, որ 14 ավտոմեքենաների բացակայությունն ավելի զգալի կլինի մարդկանց համար, քան մի ամբողջ նախարարության, որի գոյությունը հիշվում է միայն այն ժամանակ, երբ որոշում են ինչ-որ բան կրճատել կամ հավելել: Ու եթե կլինի մի մարդ, որ դա կնկատի և կվշտանա այդ շրջադարձից, էլի ու նորից նախարար Գաբրիել Ղազարյանն է լինելու: Գրում է shame.am-ը