Արծվիկը կտրամադրի իր եկամուտի կեսը դաշնակների դրամարկղին, Տարոնը` նժդեհականների...
2016-05-31 01:33:00
Ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Իշխանական կուլիսներում քննարկում են այդ հարցի կարգավորման հնարավոր օպտիմալ տարբերակներ։ Կա մի առաջարկ, ըստ որի պետք է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել որևէ տաքսի ծառայության հետ կամ ստեղծել նման ծառայություն: Այս պարագայում ենթաադրություն կա, որ հնարավոր է գերծ մնալ բազմաթիվ ծախսերից և տնտեսել մեծ գումարներ, ասենք, ապահովագրական, ավտոպահեստամասերի, վառելիքի համար հատկացվող գումարները։
Այս գործառույթը շատ պաշտոնյաների վրա թանկ կնստի այն իմաստով, որ նրանցից ոմանց կանայք ու երեխաները ստիպված կլինեն զրկվել անձնական սպասարկման վարորդ ունենալու հնարավորությունից։ Նման համակարգ ներդնելու դեպքում կառավարումը պետք է լինի էլեկտրոնային, ինչպես ընդունված է աշխարհում, և էկրանի վրա պետք է երևա, թե որ մեքենան որտեղ է, որ պաշտոնյային տվյալ պահին ուր է տանում։ Սա առաջարկներից մեկն է: Միգուցե այն կգործեր որևէ երկրում, սակայն ոչ Հայաստանում: 
Մեզ մոտ սցենարն այլ է լինելու: Հենց որ տաքսի ծառայությունների հետ պայմանագիր կնքելու առաջարկը հավանության արժանանա, միանգամից կհայտարարվի մրցույթ, որին մասնակցելու հայտ կներկայացնի միայն մեկ տաքսի ծառայություն, ասենք՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարին պատկանող «Արծիվ» անունով նորաստեղծ տաքսի ծառայությունը: Կամ Տարոն Մարգարյանի սերվիսներից մեկը: Այն, անկասկած, կհաղթի մրցույթում, քանզի անունը լավն է, մեքենաները նոր, իսկ ծառայության գները`թանկ: 
Պետական բյուջեից մեծ գումարներ դուրս կգրվեն «Արծիվ» կամ Տարոնի տաքսի ծառայության հետ պայմանագրային հարաբերությունների նպատակով` առաջացած պարտավորությունները կատարելու համար: Տաքսի ծառայությունը լուրջ եկամուտներ կապահովի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին կամ քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Արծվիկը կտրամադրի իր եկամուտի կեսը դաշնակների դրամարկղին, Տարոնը` նժդեհականների: Իսկ վարչապետը կհիշի այն լավ և բարի ժամանակները, երբ ամեն մի պաշտոնյա անձնական ծառայողական մեքենա ուներ, և պետական բյուջեն այսչափ ծանրաբեռնված չէր:
shame.am
Այս նյութը դիտել են - 1229 անգամ