ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹՈՒԽ ՃԱՅԻ, ԿԱՊՈՒՏԱԿ ԾՈՎԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՄԱՍԻՆ...2016-05-31 03:11:00
Արձակագիր Լևոն Ադյանի «Անձրևից հետո» ժողովածուի մեջ է զետեղված «Թուխ ճայը» պատմվածքը, որի առանցքում մի նոր սիրո պատմություն է:
Դարերի ընթացքում հայ կնոջ հայեցի կոչման և ընտանիքի ավանդապահության խնդիրը միշտ էլ ընդունված օրենք է համարվել հասարակության մեջ, որ այն պետք է լուծվի ավանդական ընտանիքի հիմքերի անխախտության սկզբունքով: Բայց երբեմն բնությունն այլ ընթացք է տալիս կնոջ և տղամարդու հարաբերություններին և ձևավորվում է կինը` իր արտաքին գեղեցկությամբ, որ կարող է հմայել մեկ այլ տղամարդու: Սիրո զգացողության մի նոր արթնացում է նկատվում, և թվում է` շուտով պետք է խաթարվի այդ ընտանիքի խաղաղ կյանքը, բայց գրողը դեմ է այդ ընտանիքի փլուզմանը, այնտեղ կա սիրող ամուսին և երկու զավակ, որոնց երջանկությունը պայմանավորված է նրանց համատեղ խաղաղ կյանքով:
Հոգեկան ճգնաժամ են ապրում երկուսն էլ, որ գաղտնի հանդիպում են երբեմն: Տղան ամուսնացած չէ, համակվել է այդ կնոջ սիրով, բայց նա էլ անհանգիստ է. «Տղան անտրամադիր էր: Նա եկել էր վերջին հանդիպման: Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին: Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշտ էր բաժանվել»:
Հակառակ նրանց հոգում տեղի ունեցող տատանումներին` բնությունն ավելի հանգիստ է արձագանքում նրանց հոգու տեղատվությանը. «Ծովը խաղաղ էր: Ալիքները մանր խշշոցով լիզում էին ափի ավազն ու ետ էին սահում: Տղային դուր էին գալիս ճայերը, երբ նրանք թևածում էին ջրերի վրա, ուղղահայաց իջնում ալիքներին ու կրկին թևում վեր: Ինչ-որ տեղ կարդացել էր, որ ճայերից մեկի կորստի դեպքում` մյուսը վերից ուղղահայաց սուրում, իրեն խփում է ժայռերին, զոհվում»:
Վերջին տողերը կարծես ինչ-որ բան են հուշում, որ նրանք առանց մեկը մյուսի չեն կարող ապրել, բայց ի՞նչն է պատճառը, գուցե ընտանիքում կնոջ և ամուսնու միջև հոգևոր ու մարմնական ներդաշնակությու՞նն է խախտվել, որ այդ կինը հայտնվել է ուրիշի գրկում: Անհատն ինքը բնական արարած է, կարող է նրա էությունը երկփեղկվի, որտեղ նա առերեսվում է հասարակական կապի բարոյական օրենքներին և բնական էակի կենսաբանական զգացողություններին, բայց վերջինս նրան տանում է մեկ այլ տղամարդու մոտ, ում սկսում է անկեղծորեն սիրել: Տղան չլսեց խճաքարերի ձայնը:
Կինը ետևի կողմից մոտեցավ, կանգնեց քիչ հեռվում: Տղային էր նայում: Ի՞նչ է մտածում այդպես, ու՞մ մասին է մտածում, ոչ առանց խանդի, անցավ կնոջ մտքով: Հեռանալ, հեռանալ, մոռանալ նրան, մտածում էր նա սրտի նվաղումով ու վշտամորմոք, բայց ինչ հեշտ է ասել` մոռացի՛ր, մոռացի՛ր ամեն ինչ` աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, քնքշանքը նրա…»: Այդ հակասական իրավիճակում դիմակայում է սերը, այն տառապանքների միջով կարող էր նրանց տաներ երջանկության, բայց այստեղ իրար են հակադրվում անկեղծ զգացումն ու հասարակության մեջ արմատավորված բարոյականության խորհուրդը: Ինչպիսին էլ լինի այդ սերը, նրանց տանում է բնական մերձեցման, որը կարող է կնոջ համար դառնա ճակատագրական: Մինչ այդ կինն ամուսնու հետ իրեն երջանիկ է համարել, բայց ահա կանգնում է ընտանիքի քայքայման դրամայի առջև:
«Տղան շփոթվեց, երբ տեսավ նրան` միշտ նույն ամոթխած դուրեկան ժպիտով ու սևասև հրացայտ աչքերով: Նա լայն ժպտաց` կնոջ դյուրաբեկ փխրուն մարմինն առնելով գրկի մեջ: …Կինը գլուխը բարձրացրեց տղայի կրծքից: -Ինչու՞ այսպես ստացվեց,-ասես ինքն իրեն, երազկոտ ասաց նա: - Ես ինձ համար հանգիստ ապրում էի, ինչու՞ ամեն ինչ փոխվեց… «Վերջ, - մտքում ասաց նա:-Սա վերջին անգամն է, էլ չենք հանդիպի»: Ընդամենը անակնկալ մի հանդիպում տղայի հետ, որը դառնում է ճակատագրական, սիրո այդ նոր զգացումների արթնացումը պղտորում է ամուսնացած կնոջ` Լուսինեի հոգեկան աշխարհի ներդաշնակությունը:
«...Հանդիպեցին հաղորդավար ընկերոջ տանը: Ընկերոջ ծննդյան օրն էր: Կինն ամուսնու հետ էր: Ու տղան երբեմն անկարող էր լինում չնայել նրան: Ինչ-որ անհայտ ու գայթակղիչ բան կար կնոջ մեջ, որ շարունակ իրեն էր ձգում տղայի հայացքը: ...Հետագայում նա հաճախակի էր մտածում անծանոթ կնոջ մասին: Ժպիտն էր հիշում հատկապես: Ամոթխած այդ ժպիտի մեջ աննկարագրելի հմայք կար, որը գերում էր տղային»: Տղան ազատ էր և անկախ, այնինչ կինը ընտանիք ուներ, նա կանացիորեն հմայիչ էր, որն էլ գերել էր տղային, բայց զգացմունքների աշխարհը փոթորկվում է, նա կանգնում է ամուսնական պարտականության և սիրո երանության ու վայելքի միջև: Հոգեկան դրաման ծանր կացության մեջ է դնում նրան, աստիճանաբար այն սրվում է, նրա միտքը երկու հակադիր բևեռներում է, մի կողմում նոր սերն է, մյուս կողմում` ամուսինը, ում տարիներ շարունակ թվում է` սիրում էր: «Հետո հանդիպեցին փողոցում, պատահաբար: ...Նրանք մնացել էին կանգնած փողոցի մեջտեղը: Ասելիք շատ կար, թվում էր, բայց կանգնել էին առանց խոսքի ու կարծես ոչինչ չէին գտնում ասելու, բայց և չէին բաժանվում: ... Այն երեկոյից հետո կինը, իրավամբ, տղային չէր մոռացել: Շարունակ մտածում էր նրա մասին, և հիմա, պարզվում է` տղան նույնպես հիշել է իրեն, բանաստեղծություններ ձոնել...»: Հետագայում հաճախակի հանդիպումները պիտի նորոգեին նրանց զգացումները, այստեղ պիտի իրար հակադրվեին սերն ու խիղճը: Իհարկե, սկզբում կնոջ համար հաճելի էր, որ բանաստեղծությունների շարքը տղան նվիրել էր անծանոթ գեղեցկուհուն և հույսով սպասել, որ մի օր կհանդիպեն, ու երիտասարդ բանաստեղծը կնոջը կնվիրի իր ձոներգը: Բայց ինչու՞ կինը չկարողացավ ասել, որ «սիրում է ամուսնուն, որ երեխաներ ունի` մի տղա ու մի աղջիկ, և որ ինքը ոչ մի տեղ չի գնա օտար տղամարդու հետ...»:
Որքան էլ նա փորձեր ընդդիմադիր լինել իր զգացումներին, կինը կամաց-կամաց ներքաշվում է սիրո վայելքի մեջ, նա զգում է, որ ինքն էլ ուզում է անձնատուր լինել սրտի ձայնին, բայց որքան քաղցր է սերը, այնքան դաժան է խիղճը, որ սկսում է տանջել նրան: «Մացառների ու քարերի արանքով իջնող արահետով նրանք քայլեցին դեպի ծով: Լռություն էր, և միայն ճերմակափրփուր ալիքներն էին, որ թեթև աղմուկով գալիս, խփվում էին առափնյա սալ քարերին ու փշուր-փշուր ետ սահում: Նստեցին ամայի ծովափին: Կինը, ինչպես նախորդ հանդիպմանը տղայի ընկերոջ բնակարանում, մտովի նախատում էր ինքն իրեն, որ այստեղ եկավ, որ այսպես անկամ ու թույլ գտնվեց, եկավ: Նա հայացքը հառել էր հեռու և մտամփոփ նայում էր մի կետի: Այնտեղ, ուր ծովն ու երկինքը միանում էին իրար»:
Կնոջ հոգեկան վիճակը ավելի ծանր է տվյալ իրադրության մեջ, նա մեղավո՞ր է, որ լսում է սրտի ձայնին, ապրում է երջանկության պատրանքով, իսկ գուցե դա կնոջ զգացմունքների բռնկու՞մ է, որ կարող է սիրահարվածությունից այն կողմ չանցնի, որի կողքին սկսում է գլուխ բարձրացնել անհատի բարոյական նկարագիրը հասարակության մեջ, որտեղ կա պատվի ու արժանապատվության խնդիր: Հոգու երկփեղկվածությունը նրան տառապանք է պատճառում, կռվել զգացմունքի՞ դեմ` հավատարիմ մնալով ավելի մնայուն արժեքների, որտեղ իր ընտանիքն է, թե՞ ապրել խղճի խայթով, սիրո վայելքի մեջ: «-Ես սիրում եմ քեզ,-շշնջաց տղան` համբուրելով կնոջ կիսաբաց մեղուշ շուրթերը:
Տղայի շուրթերը պինդ էին, ձեռքերն ուժեղ էին, և գիրկը տաք էր, և կնոջ համար աստղերը երկնքում շաղ էին գալիս, թափվում ծովը... Եվ նա` հուզախռով ու արցունքացոլ աչքերով, նախատում էր ինքն իրեն, որ արժանապատվություն չունի ու այս լերկ քարերին է տրվում նրան...Նրանք նստել էին այս քարերին, երազել, ճայերը պտտվել նրանց գլխավերևում, կարոտով կանչել էին, ջրերի վրայով սահել` ճերմակ փետուրները ջրերի կապույտին քսելով, իրենք նայել էին»: Բայց ինչպե՞ս է ընկալում իրավիճակը երիտասարդը, որ ընտանիք չունի, գուցե նա՞ պետք է հարթի իրավիճակը... Հենց այստեղ է կայանում գրող Ադյանի վարպետությունը, որ իրավիճակից դուրս գալու նախաձեռնությունը թողնում է տղային, որպեսզի նա հոգեբանական ծանր կացությունից դուրս գալու ճանապարհը ցույց տա. «Իսկ հետո ես կամուսնանամ, և դու կմոռանաս ինձ, -հայացքը ջրերին` անբռնազբոսիկ ասաց տղան: - Բոլորովին չես էլ հիշի: …
- Պիտի ամուսնանամ,- կրկնեց նա, բայց ինձ թվում է, որ իմ և նրա միջև պիտի լինես դու...Ես նրա մեջ պիտի որոնեմ քեզ ու չպիտի գտնեմ... Կինը հանկարծակի նայեց նրան: ...-Ես նրան խանգարում եմ,-մտածում էր կինը,-նա իմ պատճառով չի ամուսնանում: Կհեռանամ, ինչու՞ խանգարեմ...»: Քաղաքակիրթ աշխարհն այսօր կնոջ ազատության մասին է աղաղակում, բայց արդյո՞ք միշտ է կինը կարողանում կատարյալ ազատություն տալ իր սրտի ցանկություններին, մի ապօրինի «հանցագործ» սեր և ընտանեկան ու ամուսնական պարտականություններ իրար են հակադրվում, մի թեմա, որ այսօր էլ արդիական է: Տղայի հարցը, թե արդյո՞ք կինը սիրում էր իր ամուսնուն, կասկածի տակ է դրվում. «Չգիտեմ, -հանգիստ ասաց կինը:-Մինչև քեզ թվում էր` այո՛: Իսկ հիմա չգիտեմ: Ինքն ինձ սիրում է: Դա նրան կուրացնում է և մտքով անգամ չի անցնում, որ ես կարող եմ դավաճանել իրեն, սիրել ուրիշի»
Պարտքի զգացողությու՞ն, թե՞ անդուլ երջանկություն...Բայց այստեղ էլ երկընտրանք կա. «Բաժանվի՛ր,-հենց այնպես ասաց տղան»: «Հենց այնպես», ամեն ինչ ասված է, ուրեմն «անդուլ երջանկությունն» էլ կասկածի տակ է, մնում է հակադարձել սրտի լուռ արձագանքին և հոգեբանական ծանր կացությունից դուրս գալ: Բայց ո՞վ է այդ սիրող ամուսինը. «Նավթային ինժեներ է, ծովում է աշխատում: Երբեմն շաբաթներով չի գալիս: Մի ամսում տաս-տասնհինգ նամակ է գրում: Դու չես պատկերացնում: Ես գիտեմ, նա կխելագարվի... Իսկ երեխանե՞րը...»: Լինել երջանիկ, սա յուրաքանչյուր բանական էակի գերագույն ցանկությունն է, բայց ինչպե՞ս...Արդյո՞ք հասարակության մեջ ապրելով` կարողանում ես անտեսել այդ նույն միջավայրի կարծիքը, անսովոր մի մղում ստիպում է վայելել սերը, բայց կանացի բնազդով ետ ես վանում այն, որովհետև ազատ վարքի դրսևորումները հակադրվում են բարոյական օրենքներին: Սերը դա բոլորովին այլ զգացում է, սա ցանկասիրություն չէ, երբեմն այստեղ էլ սիրո առողջ բանականությունը զոհողություններ է պահանջում, որին մեր օրերում հակադրվում է կնոջ մի այլ ազատություն, որը նրան տանում է դեպի վարքի ապականում: Բայց ինչպե՞ս հաղթահարել կնոջ հոգու ներքին ճգնաժամը, որտեղ սեր կա, բայց պետք է պահպանել անհատի բարոյական նկարագիրը միջավայրում:
Մոռացության փոշուց հանում ես կարծես մի նոր հայտնություն, որ նույն այդ սերը կա և հանկարծ կարող է չլինել. «Քիչ առաջ տղան ավազի վրա գրել էր. «Ես սիրում եմ քեզ , Լուսինե՛»: Մազերը կարգի բերելիս կինը տեսավ, որ ալիքը եկել, տարել է տղայի գրածը: -Ամեն ինչ այսպես է,- տխուր ասաց կինը,-կար ու չկա: Հետո նայեց դեպի ծովը: Ծովը խաղաղ էր, հանդարտ: ....Այստեղ ամեն ինչ հարազատ էր նրան, և հիմա ինքը բաժանվում էր այդ բոլորից: Կինը նայում էր տխրամած, ասես այստեղ նրա ողջ կյանքն էր անցել, և հիմա ընդմիշտ բաժանվում էր դրանից»: Իհարկե յուրաքանչյուր ոք հոգու այս տագնապալից խռովքը վերապրում է յուրովի, բայց ճայերի սիրահար երիտասարդ բանաստեղծի հիշողության մեջ կմնա մի թուխ ճայ, ու այս անգամ էլ նրա մասին կգրի բանաստեղծություն: «Տղան ուշադիր նայեց կնոջը, մթության մեջ կնոջ մազերը սև էին, այտերը թուխ էին, ամբողջ դեմքը թուխ էր: -Դու նման ես գեղեցիկ ճայի,-ժպտաց նա: Դու իմ թուխ ճայն ես»: Կարծես երկնային պարգև էր այդ սերը, եկավ ու գնաց: Եվ ահա կործանվում է երջանկության պատրանքը. «Տղան մատները քսեց կնոջ շուրթերին: -Մնաս բարով: Ես քեզ երբեք չեմ մոռանա: Երբեք-երբեք: -Ես նույնպես: Ես նույնպես չեմ մոռանա,-կնոջ ձայնը դողաց, աչքերը լցվեցին: -Հիշի՛ր ինձ: -Նա սեղմվեց տղային, չէր ուզում նրանից պոկվել: -Ուրեմն վե՞րջ, էլ չե՞նք հանդիպելու...-Նա այլևս չէր կարողանում պահել արցունքները»:
Ինքնահարկադրական բաժանում, որին չէր կարողանում հարմարվել կինը: Եվ ի՞նչ, հաղթու՞մ է սիրո օրենքը, երբ այս անգամ կինն է առաջարկում մի նոր հանդիպում: «Ավտոբուսը գնաց: Թուխ ճայը չկար: Սպիտակ ճայերը չկային: Տղան մենակ էր: Ներքևում` բլրի տակ, երևում էր ծովը: Ծովը համատարած սև ցել էր, և լուսինը բարակ կածան էր կապել սև ցելերի վրայով...Ընկնես այդ կածանն ու գնաս, գնաս, գնաս...»:
Այսքանով հանդերձ` ասենք, որ Ադյան գրողը մնում է հավատարիմ իր աշխարհայացքին, չնայած կինն այստեղ իր անկեղծ սիրով տղամարդու համար իրական երջանկության դուռն է բացում, բայց նա կողմնակից չէ ընտանիքի փլուզմանը: Եվ մի նոր հանդիպման ակնկալիքով կինը նորից կտեսնի երիտասարդ տղային, գուցե նաև կհիշի Նար-Դոսի հերոսի վաղուց ասված հայտնի տողերը, որ կնոջ հանդիպման արդարացումը կլինի. «Կինը մինչև այն ժամանակ է մի տղամարդու ամուսինը, երբ սիրում է նրան, բայց երբ դադարեց նրան սիրելուց և սիրեց մի ուրիշ տղամարդու, այլևս առաջինի ամուսինը չէ…
Այսպես է պահանջում բնական, այսինքն` սիրո օրենքը…»: Եվ այդ սիրո օրենքին կողմնակից Ադյան գրողը կհաստատի մի նոր ճշմարտություն, որտեղ իսկական սեր կա, չկա այնտեղ դավաճանություն:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 2708 անգամ