Թուրքիայի արտգործախարար Մեվլութ Չավուշօղլուն փաստացի խոստովանել է, որ Ուկրաինայում ճգնաժամի եւ Վրաստանում պատերազմի պատճառը Արեւմուտքի անհեռատես քաղաքականությունն էր: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է RIA Novosti-ն:
Նա Facebook-ի իր էջում մեկնաբանել է Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե ԵՄ-ն պետք է Թուրքիային վերաբերվի որպես գործընկերոջ, այլ ոչ թե խոսի ուլտիմատումների լեզվով: Չավուշօղլուն, մասնավորապես, ասել էր. «Նրանք (ԵՄ-ն) պետք է հասկանան, որ Թուրքիայի հետ չի կարելի այդպես վարվել: Նրանք իրենց այդպես պահեցին Ուկրաինայի նկատմամբ՝ կամ մեզ հետ եք կամ չէ: Վրաստանում հասցրին նրան, որ երկիրը 2 շրջան կորցրեց: ԵՄ-ն պետք է հրաժարվի այդ մոտեցումից»:
«Հետաքրքիր տեղեկություն է նրանց համար, ովքեր չէին հավատում, որ Ուկրաինայի ճգնաժամը եւ Վրաստանում 2008-ի պատերազմը արեւմտյան գործընկերների ոչ խելացի քաղաքականության հետեւանք են: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը մտածում է, որ Թուրքիայի արտգործնախարարը ռուսամետ հայացքներ ունի: Պարզապես ոմանք ամեն բան հասկացել են, իսկ ոմանք էլ արդեն սկսել են խոսել»,- ասել է Զախարովան:
Այս նյութը դիտել են - 1812 անգամ