Նոր ձերբակալություններ ՀՀ Զինված ուժերում (լրացված)
2016-06-01 01:18:00
Տարբեր քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-­ի երեկոյան ձերբակալվել են երեք զինվորականներ` գեներալ-­մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Ձերբակալվածները կասկածվում են տարբեր արարքներ կատարելու մեջ: Մի դեպքում՝ մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, մեկ այլ դեպքում՝ ըստ նախնական տվյալների, ուռճացված գներով գնումներ կատարելու մեջ»,-­ ասել է Սոնա Տռուզյանը:
Գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնը. մայիսի 20-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր այս պաշտոնից:
Ավելի վաղ` մայիսի 11-ին, ձերբակալվել էր ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
14:00
Քննչական կոմիտեն ավելի ուշ մանրամասներ հրապարակեց վերոնշյալ ձերբակալությունների առնչությամբ:
Ըստ այդմ` ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 

Այս նյութը դիտել են - 1480 անգամ