Մամեդյարովը հանդիպել է համանախագահներին
2016-06-01 02:37:00

Երեկ Բրյուսելում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։


«ԱզերԹաջ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակ Հիքմեթ Հաջիևին, հաղորդում է, որ Մամեդյարովը և միջնորդները քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները, ինչպես նաև հունիսյան գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր առաջխաղացման ուղղությամբ։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցյալ շաբաթավերջին խորհրդարանում հայտարարեց, որ հունիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, սակայն դրանց ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի:

Նալբանդյանը չհստակեցրեց նախագահների նոր հանդիպման հնարավորությունը, պնդելով, որ եթե Վիեննայի պայմանավորվածությունները կատարվեն, ապա «գուցե հնարավոր լինի» նաև բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել:

Նշենք, որ Նալբանդյանը համանախագահների հետ կհանդիպի հունիսի 2-ին՝ Փարիզում։
Այս նյութը դիտել են - 1631 անգամ