Հայկական ազգանուն ունեցող 8-ամյա տղան ահ ու սարսափ է տարածել Բաքվի օդանավակայանում...
2016-06-01 04:00:00

Ռուսաստանի քաղաքացուհի Քրիստինա Կոնստանտինովան զարմացավ, և նրա հետ միասին զարմացավ նաև REGNUM լրատվական գործակալությունն այն պատճառով, որ նրա ութամյա տղային Բաքու մտնել չեն թողել և փաստորեն արտաքսել են Ադրբեջանից։ Պատճառը տղայի հայկական ազգանունն է։ Այս մասին Instagram-ի իր աքաունթում տեղեկացրել է երեխայի մայրը՝ Քրիստինա Կոնստանտինովան։

 Նա հրապարակել է որդու լուսանկարը Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Այսպիսի տեսք ունի տղաս՝ մինչ մեծ քեռիները որոշում են նրա արտաքսման հարցը։ Մայրը ռուս է, իսկ ահա ազգանունը հայկական է։ 8 տարեկան երեխայի ազգանո՛ւնը։ Աշխարհ, էս ո՞ւր ես գլորվում։ Սպասում ենք որոշմանը և անձնագրերը վերադարձնելուն, էնպես չարացած եմ տղայիս արցունքների համար»։

Ավելի ուշ լուսանկարը հանվել էր, և հայտնվել էր մեկ այլ գրառում, որտեղ ասվում է, որ թե՛ ծնողները, թե՛ տղան վերադարձել են Մոսկվա. «Մենք Մոսկվայում ենք։ Շնորհակալություն բոլորին հոգատարության և աջակցության համար։ Բաքուն մեզ դիմավորեց պատվով, բայց այնքան ուշ, որ մենք խաչ քաշեցինք այդ «հրաշալի» քաղաքի վրա և անմիջապես հեռացանք, հենց որ Լուկան քունն առավ նորմալ պայմաններում։ Հա՛, ասեմ նաև, որ մենք ընտիր ընկերներ ունենք։ Սիրում եմ ձեզ։ Շնորհակալություն, որ այդ ամբողջ 10 ժամը մեր կողքին էիք և բոլորին իրար խառնեցիք այս ու այնտեղ»։

Գործակալությունն ավելացնում է, որ երեխան հայկական ազգանունն ստացել է կենսաբանական հորից, իսկ Բաքու տղան գնացել էր խորթ հոր հետ։

Հիմա դժվար է ասել. հայկական ազգանուն ունեցող բոլոր մարդկանց համար Ադրբեջան գալու արգելքը հայերի հանդեպ համատարած ատելությա՞ն, թե՞ հայերից ունեցած պակաս համատարած վախի դրսևորում է։ Երկու դեպքում էլ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը խայտառակ է և դատապարտելի. եթե հայերին ատում եք, գոնե բարի եղեք չտարածել ձեր բարձր զգացմունքները երեխաների վրա, մանավանդ որ Քրիստինա Կոնստանտինովայի երեխային հայ չես էլ համարի։ Իսկ եթե հայերից այնպես եք վախենում, ասես ժանտախտից, ապա հասկացեք վերջապես, որ ութամյա տղան ձեզ համար Սամվել Բաբայան չէ և ոչ մի վատ բան ձեզ չի անի, էլ չեմ ասում այն մասին, որ անգամ հիփոթետիկորեն նա ի վիճակի չէ «օկուպացնել» դեմոկրատական Ադրբեջանի ևս մի քանի շրջան։

Ահա այսպես օր օրի հետևից ադրբեջանական իշխանություններն էլ ավելի են պարզում իրենց իսկական դեմքը քաղաքակիրթ աշխարհի առջև։ Կարծում ենք՝ կգա օրը, և Բաքու չեն թողնի հենց Սերգեյ Լավրովին նրա հայկական ծագման համար։ Դա ըստ էության հնարավոր է և կախված է նրանից, թե որքան երկար Ռուսաստանը թույլ կտա լկտիանալ պրն Էրդողանին, հետն էլ՝ նրա կրտսեր եղբորը։

Իսկ Քրիստինա Կոնստանտինովային խորհուրդ կտանք որդու և ամուսնու հետ գալ Երևան։ Այստեղ թե՛ օդն է մաքուր, թե՛ ատելությունն է ավելի քիչ, իսկ երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք կա։ Մանավանդ հայկական ազգանուն ունեցողների։ Եվ որ ամենագլխավորն է՝ չկա պետական շիզոֆրենիայի և ամեն տեսակ ֆոբիաների ոչ մի դրսևորում, որոնք փչացրին երեխայի մոր տրամադրությունը փառապանծ քաղաք Բաքվում։

shame.am

Այս նյութը դիտել են - 1923 անգամ