Աշխարհը պաս է պահում, ՀՀ գլխավոր գանձապահն էլ համբերատար սպասում է պահեցողության ավարտին...
2016-06-01 15:45:00

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը օգտակար աշխատող է: Նրա նմանների կարիքը հիմա շատ կա: Այս մարդիկ հմուտ են այն բանում, որ ոչ թե լավ են աշխատում, այլ լավ հիմնավորում են իրենց չաշխատելը: Եվ ահա Ջանջուղազյանն էլ կրկին արդարացրել է սպասելիքները, երբ երկրի քաղաքացիներին տեղեկացրել է, որ 2016 թվականի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառության ծավալներն ավելի քան 4 տոկոս նվազել են:

 Գերազանց իմանալով, որ իրեն անմիջապես կհարցնեն, թե ինչու է նվազել, գլխավոր գանձապահը շտապել է բավարարել մարդկանց հետաքրքրասիրությունը և ասել է, որ քաղաքացիները նախընտրում են քիչ ծախսել և շատ խնայել:

Այն, որ հայերը հանկարծ որոշեցին ազգովի դառնալ ժլատ ու խնայող՝ հարված հասցնելով ֆինանսների նախարարության ցուցանիշներին, ոչ ոք չէր սպասում: Իսկ չէին սպասում այն պարզ պատճառով, որ խեղճ քաղաքացիների ձեռքին բան չկա խնայելու համար: Հետևաբար, եթե մարդը փող չունի, ոչ ապրանքաշրջանառություն կլինի, ոչ էլ առավել ևս՝ խնայողություն:

Սրա հետ մեկտեղԱտոմ Ջանջուղազյանը կարծես տեղյակ է նաև, որ համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 35 անգամ: Եթե անցած տարի արձանագրվել էր 60.1 միլիարդ դրամի օտարերկյա ներդրում, ապա այս տարի միայն 1.7 միլիարդ դրամի:

Սա, իհարկե, խայտառակ ցուցանիշ է: Բայց Ջանջուղազյանը դրա համար էլ պատասխան ունի: Չի բացառվում, որ օտարերկրացիները որոշել են հետևել հայերի օրինակին և անցել են խորը խնայողության: Աշխարհը պաս է պահում, ՀՀ գլխավոր գանձապահն էլ համբերատար սպասում է պահեցողության ավարտին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1341 անգամ