«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալների իրավունքները ոտնահարված են, այսպես շարունակվելու դեպքում դատապարտյալները կտրուկ քայլերի կդիմեն: Դատապարտյալն ասում է. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորոգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել հատակին»:
Մի կողմ դնենք դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտման մասին տեղեկության ճշմարտացիությունը և խնդիրը դիտարկենք այլ կողմից: Դատապարտյալն ասում է, որ իրենք որոշել են վերանորոգել իրենց բանտախուցը: Ստացվում է, որ դա իրենց որոշելիքն է և դա քննարկման առարկա չէ: Ըստ դատապարտյալի` նրանք վերանորոգման աշխատանքներն են սկսել անմիջապես դրա մասին որոշումը կայացնելուց հետո: Այսինքն, նրանց մոտ առկա էր շինանյութի այն խմբաքանակը, որն անհրաժեշտ էր շինարարությունը սկսելու համար: Նրանք անցան գործի, և շինարարության արգասիքների հոտը տարածվեց քրեակատարողական հիմնարկում, քանի որ նրանց խցի դիտանցքները բաց էին:
Չցանկանալով շնչել շինանյութերի հոտը` ՔԿՀ-ի աշխատակիցները փակել են դիտանցքները: Այս պատմությունը, բացի այն, որ շատ տեղեկություններ է պարունակում, նաև ուսուցողական է: Մեզ մոտ միշտ տպավորություն է ստեղծվում, որ դատապարտյալներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում, և նրանց իրավունքներն անընդհատ ոտնահարվում են: Այս դեպքը տիպիկ է և ներկայացնում է ՔԿՀ-ում տիրող իրական վիճակը:
Փաստորեն, դատապարտյալներն իրենք են որոշում, երբ և ինչ անել և ընդհանրապես չեն կարևորոմ արածի՝ օրենքին, ներքին իրավական ակտերին և կանոններին համապատասխանության խնդիրը: Բացի այդ, ամենակարևորն այն է, որ նրանք տիրապետում են համապատասխան ռեսուրսների և անմիջապես իրականացնում են որոշածը, տվյալ դեպքում` վերանորոգումը: Ստացվում է, որ դատապարտյալներն այդքան էլ միամիտ չեն և դեռ հարց է, թե ով է ում իրավունքները ոտնահարում:
Քրեակատարողական հիմնարկներում շատ խնդիրներ կան: Այդ ոլորտը միշտ դիտարկվել է որպես մեծ գումարներ աշխատելու հարթություն: Հենց այդ պատճառով է, որ այս բնագավառը դարձել է միջազգային դոնոր կազմակերպությունների թիրախ: Այդ ամենը իմանալով հանդերձ` պետությունն այս բնագավառում միշտ պաշտպանվողի և արդարացվողի դերում է: Այս անգամ ևս, խնդիրը հասկանալու և արմատապես լուծելու փոխարեն, քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվ այսպես շարունակ:
Այս նյութը դիտել են - 1814 անգամ