Գալուստ Սահակյանը չի կատարել իր գլխավոր պարտավորությունը...2016-06-02 06:43:00
«Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որ ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես կարողանան մեծանալ, հասնել իրենց նպատակին», - հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այն, որ երեխաները մեծանում են ՝բոլորին է հայտնի: Մեծանալու պարտավորությունների մասին աշխարհում առաջինը Գալուստ Սահակյանը խոսեց: Ի՞նչ կլինի, եթե երեխան չկատարի մեծանալու պարտավորությունը, կա՞ արդյոք դրա համար սահմանված պատասխանատվություն, և ո՞վ է այն կրելու: Երեխա՞ն, թե՞ ծնողները: Եվ ի՞նչ իրավական ակտով է դա արտահայտվելու: Ամեն դեպքում Գալուստ Սահակյանը խնդիր առաջադրեց, որի լուծման համար դեռ ահագին ժամանակ բոլորս գլուխ ենք կոտրելու:
Բանն այն է, որ Գալուստ Սահակյանը առաջարկեց, բացի երեխաների մեծանալու պարտավորություններից, սահմանել նաև պետության համար պարտականություններ այն դեպքում, երբ երեխաները կկատարեն իրենց պարտավորությունները: Մասնավորապես, եթե երեխան կատարի իր մեծանալու պարտավորությունը և առանց որեւէ նախապայմանի մեծանա, ապա պետությունը պարտական է անել այնպես, որ երեխան «բարեհանդես» մեծանա: Հանճարեղ գաղափար, և ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ է նշանակում «բարահանդես» բառը: Բացի այդ, պետության պարտականությունն է, որ մեծանալու պարտավորությունը կատարած երեխան լինի «ավելի բարեհոգի» և հասնի իր նպատակին:
Մտքի գիգանտը չի մանրամասնում, թե ինչ է նշանակում «ավելի բարեհոգի»:
Նա չի տալիս դրա սահմանումը և չափման համակարգը: Դա իր գործը չէ: Դրանով կզբաղվեն մասնագետները: Իսկ թե ի՞նչ նպատակ պետք է ունենա մեծանալու պարտավորությունները կատարած երեխան, կարող ենք հասկանալ միայն այն բանից հետո, երբ հասկանանք նրա «բարեհանդես» մեծանալու ձևաչափը: Ի դեպ, այդ ձևաչափը հասկանալուց հետո շատ հանգամանքներ պարզ կդառդան: Եւ ամենակարևորն այդ իմաստով պարզելն է, թե արդյո՞ք ինքը` Գալուստ Սահակյանը կատարել է մեծանալու իր պարտավորությունը: Մեր կարծիքով` ոչ: Նա չի կատարել պարտավորությունը և չի մեծացել: Եվ տրամաբանական է, որ պետությունն էլ չի կատարել հանդիպակած պարտականությունը և Գալուստ Սահակյանը «բարեհանդես» ու «ավելի բարեհոգի» ձևաչափում չի գտնվում: Ինչ վերաբերում է նպատակներին հասնելուն, ապա միգուցե շատերին թվա, որ Գալուստը ինչ-որ բանի հասել է, սակայն դա այդպես չէ՝ նա պատմության մեջ կմնա որպես մեծանալու պարտավորությունները չկատարած ծերուկ:
Հետգրություն
Երեխաների մեծանալու պարտավորությունների և դրանից կախված պետության հանդիպակած պարտականությունների մասին Գալուստ Սահակյանի հանճարեղ առաջարկը պետք է ստանա օրենքի ուժ: Ավելին, պետք է ստեղծվի մարմին, իհարկե, Գալուստ Սահակյանի ղեկավարությամբ, որը կզբաղվի մեծանալու պարտավորությունները չկատարած պետական պաշտոնյաների հայտնաբերմամբ: Մեր կարծիքով, այդ կառույցը շատ գործ կունենա: Եվ մենք էլ կօգնենք, քանզի մեծանալու պարտավորությունները չկատարածները հիմնականում մեր կայքի հաճախորդներն են:
shame.am
Այս նյութը դիտել են - 1632 անգամ