Խայտառակ դեսպանների թիվն ավելացավ...
2016-06-03 11:16:00

ՀՀ նախագահի հրամանագրով Քուվեյթում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մանվել Բադեյանը: Վերջինս ՀՀԿ խմբակցության պատգամավոր է և «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփանակատերը: Մանվել Բադեյանը տնտեսագետ է և գործարար: Շատերը մտածում են, որ Քուվեյթում Հայաստանը քաղաքական հետաքրքրություններ ու, հետևաբար, շահեր չունի: Այսպիսի կարծիք ունեցողների համար Մանվել Բադեյանի մասնագիտական ունակությունները ոչ մի բան չեն նշանակում: Եվ այն, որ գործարարը նշանակվում է դեսպան, հիմնավորվում է այն հանգամանքով, որ նա պաշտոնավարելու է Հայաստանի համար էական նշանակություն չունեցող երկրում:


Քուվեյթը Միջին արևելքում ամենահարուստ երկրներից մեկն է, որը գտնվում է ԱՄՆ լիարժեք վերահսկողության տիրույթում: Քուվեյթը մեծ ազդեցություն ունի արաբական աշխարհում: Եվ եթե մեր պետությունն ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով որոշել է Քուվեյթում դեսպան ունենալ, ապա այդ խնդրին շատ լուրջ պետք է վերաբերվի: Հակառակ դեպքում հարկատուների գրպանը ծանրաբեռնել չի կարելի: Սակայն, ամենայն հավանականությամբ, դեսպան նշանակելը Հայաստանում դարձել է կամ թոշակի ուղարկելու, կամ պարգևատրելու նման ինչ-որ մի բան: Օրինակ, ի՞նչ կապ ունի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը դիվանագիտության հետ: Ոչ մի կապ էլ չունի: Սակայն նա Վրաստանում Հայաստանի դեսպանն է: Այդպիսի օրինակները շատ են, և դրանով են պայմանավորված (նաև) Հայաստանի արտաքին քաղաքականության պարտությունները: Իսկ Բադեյանին և պարգևատրել են, և թոշակի ուղարկել: Այդպես էլ է լինում:


Խնդիրը նրանում է, որ դիվանագիտական անձնագրի կրողն իրավունք ունի առանց մաքսազերծելու ապրանք ներկրել: Բադեյանի «Եվրոստան Ույուտ» ընկերությունը մետաղապլաստե ևալյումինե դռներ ու պատուհաններ արտադրող, ինչպեսև տարատեսակ պրոֆիլների այլ ապրանքներ ներկրող ընկերություն է: Ժամանակին այն առաջնային դիրք էր գրավում շուկայում: Ներկայումս այդ շուկան գերհագեցած է, և Բադեյանի ընկերությունը կորցրել է իր գերիշխող դիրքը: Այժմ խնդիրը հեշտությամբ կլուծվի: Բադեյանը, օգտվելով դիվանագիտական անձնագրի առավելությունից, առանց մաքսազերծման կներմուծի արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ ապրանքաքանակ, ինչը հնարավորություն կտա իջեցնել «Եվրոստան Ույուտ» ընկերության ապրանքների և ծառայությունների գները, և Բադեյանը կրկին գերիշխող դիրք կգրավի դռների և պատուհանների բնագավառում:

Իսկ Քուվեյ՞թը: Դե Քուվեյթն էլ միջազգային ազպարեզում պետք եկած տեղը հակահայկական բանաձևերին կողմ կքվեարկի: Սակայն միգուցե այդ պետությունը դեմ լինի Հայաստանին միայն Մանվել Բադեյանի պատճառով: Կարող է և այդպես լինի: Ոնց որ Վրաստանի դեպքում:

shame.am

Այս նյութը դիտել են - 2108 անգամ