Ուսուցչի կյանքում միշտ էլ առաջնային պիտի լինի «սովորելը»
2016-06-03 16:04:00
21-րդ դարում անգրագետ են համարվելու ոչ թե այն մարդիկ, որոնք գրել-կարդալ չգիտեն, այլ նրանք, ովքեր չեն կարողանում սովորել, հետ սովորել ու նոր հմտություններ ձեռք բերել: 
Էլվին Թոֆլեր


«Սովորեցնել» բառն այսօր հետին պլան է մղվել, առանցքային է դարձել «սովորելը», որը ոչ մի պահ չպետք է դադարեցնել: Այդ գործընթացը որոշ մարդկանց համար խորթ է հնչում, համարում են, որ ժամանակին ինչ-որ բան սովորել են, դա էլ բավարար է, նույնիսկ հիվանդագին են մոտենում ցանկացած նորի ու փոփոխության հանդեպ: Նորը չսովորող ուսուցիչը չի կարող աշակերտի հետ նորմալ աշխատել, նա կրկնելու է վաղուց ասված խոսքեր, որոնք նոր սերնդի համար հնաոճ են, իսկ աշակերտն այսօր նորը սովորում է համացանցից, մարդկանց հետ շփումներից, ընդհանրապես` կյանքից: Հիշենք, որ ուսուցիչը հասարակության մեջ մտավորականության դասի ներկայացուցիչն էր, գրագիտության եզակի կրողներից մեկը և միակ աղբյուրը, որից աշակերտը կարող էր տեղեկություն և գիտելիք ստանալ:

Հիմա փոխվել են ժամանակները, մենք ունենք տեղեկատվության հսկայական ցանց, որտեղից աշակերտն ամեն վայրկյան կարող է ձեռք բերել ամբողջ ինֆորմացիան և այն գիտելիքը, որը կամենում է: Բայց մեր օրերում լինում են դեպքեր, որ սնափառությունը տեղի չի տալիս, որի արդյունքում տարիների փորձ ունեցող ուսուցիչն իրեն համարում է իր մասնագիտությանը գիտակ, անգերազանցելի, գտնում է, որ ավելացնելու բան չունի և չի զգում նոր գիտելիք ձեռքբերելու կարիք: Այսօրվա աշակերտը գիտակցում է, որ իրեն սովորեցրածը չի կարող լինել հավերժական ճշմարտություն, ի տարբերություն նորից խուսափող ուսուցիչների` նա պատրաստ է ուղղելու իր սխալը, նա չի խուսափում այդ սխալից, այնինչ ուսուցիչներ ունենք, որ դողում են մերօրյա աշակերտի նորովի հարցերից, նա թաքնվում է իր իսկ սխալից, մերժում այն, որը տանում է նրան աշակերտի մոտ ինքնագնահատականի իջեցմանը:

Եթե այսօրվա ուսուցիչը գտնում է, որ վերջին տարիներին իր մոտ ոչինչ չի փոխվել, ուրեմն նա այնքան էլ խելացի չէ, ուրեմն պետք է հասկացնել վաղուց հաստատված այն ճիշտ դիտարկումը, թե 19-րդ դարում դա գուցե ընդունելի էր, 20-րդ դարում` կասկածելի, 21-րդ` տեղեկատվական դարում, դա կատարյալ հիմարություն է: Այս նոր դարում չսովորելը անգրագիտություն է, ուրեմն յուրաքանչյուր ուսուցիչ պետք է գիտակցի այդ ճշմարտությունը և նորովի մոտենա իր իմացությանը, որից էլ կախված է նոր սերնդի` ապագա քաղաքացու ձևավորումը: Ցավալի է, որ մեր օրերում ոչ բոլոր ուսուցիչներն են օգտվում համակարգչային այս ահռելի տիրույթի` իրենց հասու և պիտանի գիտելիքներից, որը լավագույն աղբյուր է ինքնակրթության զարգացնան համար:

Համակարգիչը ոմանց համար մնում է որպես մի դժվարընկալելի «գործիք», որի իմացությունը նրանց գիտակցության մեջ անհասանելի երևույթ է համարվում` չնայած վերջին ժամանակներում էլեկտրոնային մատյանների առկայությունը շատերին տարել է դեպի մերձեցում համակարգչին: Քանի որ կյանքի զարգացման արագացված դար ենք ապրում, ապա պետք է կարողանալ ժամանակին ամեն ինչ սովորել և արագ ըմբռնել, հապաղելը այս դեպքում հաստատ վնասում է մեզ: Գիտենք, որ իմաստնությունը երկար տարիների ընթացքում ձեռքբերված փորձն է, այդ իսկ պատճառով ավագ սերնդի փորձառությունը նոր կյանք մտնող մարդկանց համար շատ կարևոր ենք համարում: Բայց ո՞վ է ասում, որ միայն իմաստասեր մարդկանց կյանքի դասերը պետք է սերտենք: Ապրում ենք նաև մի այնպիսի ժամանակաշրջանում, որ երբեմն մեր աշակերտները կարող են մեզ մի նոր կյանքի դաս տալ, որը թերևս ոչ բոլոր ուսուցիչներն են ունակ ընկալելու և ընդունելու այն:

Կյանքը միշտ էլ դասեր է տալիս մարդուն, և երբեք չեմ խուսափել այդ դասերը սովորելուց:Իմ մանկավարժական գործունեության ընթացքում միշտ էլ հավատարիմ եմ եղել նաև այն մեծ ճշմարտությանը, որ չնայած փոխվում են ժամանակները, բայց անկախ մեր առջև ծառացած առկա խնդիրներից ու հոգսերից` պարտավոր ենք մեր ամեն մի օրը լցնել նոր իմացությամբ, գեղեցիկի զգացողությամբ, այն մեծ մարդասիրությամբ, որ իր մեջ ունի անչափելի հավատ ու իրական արժեքներ, չմոռանանք նաև, որ մարդ-քաղաքացու ձևավորման, առանձնապես հայապահպանության գործում մեզ է վերապահված այդ մեծ առաքելությունը:

Հիշենք, որ ուսուցչի կերպարով է սերունդը մեծանում, մեզանով է կարոտը շնչում, այդ մենք ենք հույսը ապրեցնում, որ երազանքներ ծնվեն սիրո, գեղեցիկի, բարության, լուսե օրերի մասին: Այդ մենք ենք ուրվագծում հայ մարդու նկարագիրը` համեմված այն մեծ իմաստությամբ, որ մեր մարդասիրությունն է ուսուցանելու իսկական արվեստը և մեր ազգի հարատևության երաշխիքը:

Մեր անանձնական աշխատանքով, բայց մեր անձնական օրինակով ենք ձևավորում նոր սերնդի միտքն ու աշխարհայացքը, մի նոր դիմագիծ, որն այսօր հայրենիք է պաշտպանում` մեր փառահեղ նախնիների ու նոր ժամանակների հերոսների առաքելությամբ սրբագործված:
 Նատաշա Պողոսյան   
  Արցախի վաստակավոր մանկավարժ,    	  
  Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ  	              
  դպրոցի 
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի 						
 
Այս նյութը դիտել են - 2755 անգամ