Հայաստանում ահաբեկչության վտանգը նվազագույնն է
2016-06-04 09:05:00

«Դաեշ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Իրաքի եւ Սիրիայի տարածքները նախորդ տարվա ընթացքում նվազել են, սակայն՝ խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի տարածքներում: ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցի համաձայն, դուրս մղվելով Սիրիայի եւ Իրաքի որոշ շրջաններից, «Դաեշ»-ի ահաբեկիչներին հաջողվել է նոր կողմնակիցներ գրավել այլ շրջաններում:

«Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե երիտասարդներին ինչն է տանում դեպի ծայրահեղականություն եւ ստիպում նրանց միանալ ահաբեկիչներին», - նշում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող Ջասթին Սիբերելը:

Զեկույցի համաձայն, «Բոքո Հարամ»-ի ահաբեկիչները 2015-ին սպանել են հազարավոր մարդկանց Չադում: Սոմալիում «Ալ Շաբաբ»-ի ահաբեկիչներն իշխանափոխության փորձի ընթացքում զանգվածային սպանություններ են կազմակերպել, իսկ Մերձավոր Արեւելքում եւ Հնդկաստանում կրկին գլուխ է բարձրացրել Ալ Քաիդան:

«Ուղղակի ահաբեկիչներ սպանելով՝ անհնար է վերացնել ահաբեկչությունը: Անհրաժեշտ է հաղթահարել ահաբեկչություն ծնող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական պատճառները», - նշում է «Բրուքինգս» հաստատության վերլուծաբան Քեննեթ Փոլաքը:

Չնայած զեկույցում նշված են մոտ 60 ահաբեկչական կազմակերպություններ, Միացյալ Նահանգների համար հիմնական վտանգ է ներկայացնում «Դաեշ»-ը:

«Դաեշ»-ը ռազմավարական վտանգ է: Ոմանք կարող են չհամաձայնել, սակայն, երբ խոսքը ահաբեկչության մասին է, ԱՄՆ-ի համար դա «Դաեշ»-ն է», - ասում է ՝՝Ատլանտյան խորհրդ՛՛-ի վերլուծաբան Ալեքս Վարդը։

Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին եւ արտաքին ահաբեկչության խնդիր:

Այս նյութը դիտել են - 1398 անգամ