Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին:
Առաջիկայում համաձայնագիրը, անկասկած, կընդունվի, նաև Ազգային ժողովի կողմից: Եթե վերանանք իրավական ու մասնագիտական ձևակերպումներից, այս համաձայնագրով հակաօդային պաշտպանության բնագավառում ստեղծվելու է միասնական տարածք` միասնական համակարգող մարմնով, և այդ միասնական տարածքում որոշումների կայացման լիազորությունը, բնականաբար, տրվելու է Ռուսաստանին:
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»,- ներկայացնելով համաձայնագիրը՝ երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` ավելացնելով, որ Հայաստանի համապատասխան մարմինները որոշումների կայացման լիազորություն են ունենալու միայն տեղական նշանակության հարցերում. «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»:
Այս երկարաշունչ ձևակերպումների տակ թաքնված է այն իրողությունը, որ համաձայնագրի գործողությունից հետո հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի համապատասխան մարմինները համակարգվելու են Ռուաստանի` վերը նշված ռազմական գերատեսչությունների կողմից: Իսկ դա նշանակում է, որ փոխնախարարի ասածի երկրորդ հատվածը` «հավաքական անվտանգության առանձին շրջանի» վերաբերյալ, ընդամենն իրականությունը լղոզելու փորձ է, քանի որ, կրկնում ենք, այդ ուժերի ընդհանուր համակարգումն իրականացվելու է ռուսական բանակի կողմից:
Այսպիսով, մինչ հասարակությունը շարունակում է հարցեր բարձրացնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող, մեղմ ասած, ոչ դաշնակցային վարքագծի, ապրիլյան պատերազմում պրոադրբեջանական պահվածքի և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վասալային բնույթի մասին, Հայաստանի իշխանությունը, առայժմ՝ միայն խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով, իհարկե, հավանություն է տալիս Հայաստանի «օդային ինքնիշխանությունը» Ռուսաստանին զիջելու մասին համաձայնագրին:
Ռուսաստանը, որ մինչև այսօր համարյա ամբողջությամբ տնօրինում է Հայաստանում գտնվող գրեթե բոլոր ռազմավարական ու ոչ ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այսպիսով, առաջիկայում իրավունք է ստանալու տնօրինել նաև Հայաստանի «օդը» կամ օդային պաշտպանությունը:
Իսկ Ռուսաստանին հանձնել Հայաստանի պաշտպանությանը վերաբերող որևէ իրավունք, նշանակում է՝ Ռուսաստանին օրինական հնարավորություն տալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ոչ միայն՝ պաշտպանել, այլև անհրաժեշտության դեպքում՝ սպառնալ Հայաստանի օդային պաշտպանությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ օրինակն է:
Դա նշանակում է՝ Ռուսաստանին տալ իրավունք` որոշումներ կայացնել նաև այն դեպքերում, երբ, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական ռազմական ինքնաթիռները, անօդաչու սարքերն ու արկերը կուղղվեն Հայաստանի ուղղությամբ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ, եթե Հայաստանը հթրիռակոծելուց առաջ, ասենք, Ալիևն ակնարկի, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, ապա Հայաստանի հակաօդային պաշտպանության համար պատասխանատու ռուս զինվորականները կարող են նաև այդ օրը «քնած լինել»:
Այս նյութը դիտել են - 4448 անգամ