Դեկտեմբերի 9-ին, Գլենդելի «Brandview Collection» հիասքանչ սրահում տեղի ունեցավ «Կիսաբաց Լուսամուտներ»-ի «Ընտանիքների փրկության ֆոնդ»-ի մասնաճյուղի հիմնադիր բացումը՝ շնորհակալական ընթրիքով, հովանավորությամբ ՝ «Le Papillon By Naz»-ի:
Նշենք, որ ԱՄՆ-ում «Կիսաբաց Լուսամուտներ»-ի «Ընտանիքների փրկության ֆոնդ» -ի կազմակերպչական աշխատանքները իր վրա է վերցրել համայնքում հարգված, բարի ու գործարար տիկին Նազ Աթիկյանը, ով ոչ միայն ֆինանսական իր աջակցությունն է ցուցաբերել, այլ նաև իր բարի հոգին է դրել այդ մեծ ու վեհ գաղափարին օգտակար լինելու հարցում:
Սովորաբար նմանատիպ նախագծերը մեծ ու հետևողական աշխատանք են պահանջում: Սա թիմային աշխատանք է, գլխավորությամբ Հրաչ Մուրադյանի, որի արդյունքում շահելու են կարիքավոր այն ընտանիքներն
, որոնց սոցիալիական խնդիրները ներկայացվել ու բարձրացվել են «Կիսաբաց Լուսամուտներ» հեռուստատեսային նախագծի շրջանակում: Ցավոք, նմանատիպ ընտանիքները շատ-շատ են մեր «ապահով Հայաստանում»:
Համոզված եմ, որ այս տողերը կարդալուց յուրաքանչյուրիդ մոտ կառաջանա այն զգացումն ու հուզմունքը, երբ նկարագրեմ այն պահը, թե ինչ է տեղի ունեցել «Կիսաբաց Լուսամուտներ»-ի «Ընտանիքների փրկության ֆոնդ»-ի ընթրիքի ժամանակ:
Ամանօրյա եղևնու վրա ոսկեզօծ խաղալիքների փոխարեն դրված են եղել այն երեխաների նկարներն, ովքեր ընդգրկված են եղել հեռուստանախագծի ընթացքում, երեխաներ, ովքեր հույսը կտրել են լավ ապրելու, սնվելու, հագնվելու, խաղալիք ունենալու, երբևէ տաքուկ անկյուն ունենալու երազանքից: Ներկաներից յուրաքանչյուրը այդ օրը մոտենալով եղևնուն, վերցրել է երեխայի մի նկար՝ տեղը լույս վառելով ՝ ի նշան այդ երեխայի ընտանիքի Հույսի, Լույսի ու Երազանքի իրականացման: Այո, հենց նրանց երազանքը իրականցնելու համար է ստեղծվել այս գաղափարը:
Ավելացնեմ, որ ԱՄՆ-ում «Ընտանիքների փրկության ֆոնդ» մասնաճյուղը չէր կարող այսքան մեծ ու արդյունավետ աշխատանք կատարել, եթե այս գործին չմիանային տկն. Նազ Աթիկյանը և բոլոր այն անդամները, կարեկցող ու բարի մարդիկ, ովքեր անդադրում մեղվի նման աշխատում են ու օգնում լցնելու մեղվի այն Փեթակը, որը կոչվում է «Ընտանիքների փրկության ֆոնդ»։
Սովորաբար ասում են, որ օգնող ձեռքերը՝ աղոթող շուրթերից վեր են: Ես համոզված եմ, որ «Ընտանիքների փրկության ֆոնդ»-ը 2016 թվ-ին անապահով շատ ընտանիքներին կտա Հույսի, Լույսի և Երազանաքի իրականցում:
յ
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 2649 անգամ