Երևանում 50-60 հազար մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապի մասնակցությամբ նախատեսված միջեկեցեղական աղոթքին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը՝ նշելով, որ Հռոմի Պապը Հայաստանում կլինի 3 օր:
Նա ժամանելու է հունիսի 24-ին` ժամը 15:00-ի սահմաններում: Օրը սկսվելու է արարողակարգային միջոցառումներով: Օդակայանում պետական արարողակարգի բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու հրաշափառի բարիգալստյան արարողությունը: Տեր Շահեի խոսքով, սա մի արարողություն է` նախատեսված հատուկ եկեղեցական պետերի համար: Արարողությունից հետո պապը նախագահի նստավայրում հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հետ, ինչից հետո արդեն Էջմիածնում նախատեսված են առանձնազրույց և պատվիրակությունների ներկայացում:
«Երկրորդ օրը Հռոմի Պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հռոմի սրբազան քահանայապետը մասնակցելու է Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ինչպես նաև ծաղկեպսակ է զետեղելու հուշահամալիրի մոտ: Դրանից հետո նա մեկնելու է Գյումրի, որտեղ նախատեսված է Հռոմի սրբազան քահանայապետի պատարագը Վարդանանց հրապարակում: Նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը»,-ասաց Տեր Շահեն:
Նախատեսված մի փոքր դադարից հետո կլինի այցելություն Գյումրիի Յոթ վերք եկեղեցի, այնուհետև` Հայ կաթողիկե եկեղեցի: Այցելություններից հետո Հռոմի պապը անմիջապես ինքնաթիռով կվերադառնա Երևան:
«Երևանում `Հանրապետության հրապարակում, խաղաղության համար կհնչի միջեկեցեղական աղոթք: Այս հանդիսավոր արարողությանը հնարավորություն կունենա մասնակցելու 50-60 հազար մարդ: Կհնչեն խաղաղության կոչեր, որ զինված բախումների խնդիրը լուծվի խաղաղությամբ»,- տեղեկացրեց Տեր Շահեն:
Հռոմի պապի այցելության վերջին օրը մի քանի հանդիպումներ կլինեն Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների, քահանաների հետ: Դրանից անմիջապես հետո նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա: Պատարագը մատուցելու է Վեհափառ Հայրապետը: Հռոմի պապը հանդես է գալու ողջույնի խոսքով: Պատարագից հետո նախատեսվում է միջեկեղեցական ճաշ: Վերջում կլինի համատեղ հայտարարության ստորագրում: Տեր Շահեն տեղեկացրեց, որ կլինի այցելություն Խոր վիրապի վանք: Այն խորհրդանշական վայր է, որտեղ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 15 տարի, դուրս գալով, հիմնել է քրիստոնեական եկեղեցի: Խոր վիրապում կլինի փոքրիկ ծես, որից հետո Հռոմի պապը կմեկնի Վատիկան:
Այս նյութը դիտել են - 2603 անգամ