Գյումրեցիներն ամեն կերպ փորձում են վառ պահել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված իրենց քաջորդիների անունները: Գյումրու Մուշ թաղամասի բնակիչ էր Մերուժան Արթուրի Ստեփանյանը, ով կյանքը զոհեց Թալիշի բարձունքներում: Օրերս Մերուժանի ընկերները հանդես եկան նախաձեռնությամբ՝ ի հիշատակ հերոս ընկերոջ հուշակոթող-ցայտաղբյուր կանգնեցրին նրա հարազատ բակում: «Թող ծարավ անցորդը մի պահ կանգ առնի, պապակ շուրթերը թրջելով, հիշի, ճանաչի եւ օրհնի մերօրյա հերոսին»,-հուզախառն ասաց ընկերներից մեկը: Մերուժանը սիրահարված էր Արցախին, սիրած աղջիկն էլ այնտեղից էր, ում հետ նշանվեց, սակայն, ավաղ, չհասցրեց ամուսնանալ: Ի դեպ նշանածը, մինչև վերջերս տեղափոխվել եւ ապրում էր Մերուժանի հայրական տանը: Մտերիմներն ասացին, որ սիրած տղայի կորստի հետ ոչ մի կերպ չի համակերպվում, անգամ Մերուժանի մայրն է հաճախ նրան սիրտ տալիս՝ հորդորելով առաջ նայել, պինդ մնալ:
Գյումրեցիներն իրենց հերոսների հիշատակները վառ պահելու տարբեր ձևեր են դրսևորում: Ընդամենը օրեր առաջ Գյումրու ծննդատանը ծնվեցին երկվորյակ եղբայրներ: Մկրտչյանները որոշեցին տղաներից մեկին անվանակոչել Գևորգ՝ ի պատիվ Թալիշում զոհված 20-ամյա Գևորգ Վարդանյանի: Ոմանք, հեռանալով երկրից, կորցնում են հետքը, դրսում տարիներ վատնում բանակում չծառայելու նպատակով, մինչդեռ Գևորգը, ծնողներին թողնելով ՌԴ, վերադարձել էր հայրենիք ծառայելու համար:
Գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանը Ջաբրայիլում թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ մղեց ու նահատակվեց: Նրա պատվին արդեն իսկ անվանակոչված փոքրիկ կա: Սակայն գյումրեցիներն ընդամենը 19 տարեկան այս քաջորդու սխրանքը որոշեցին այլ կերպ հավերժացնել:Գյումրու թիվ 1 Արհեստագործական ուսումնարանում, որտեղ ուսանել է Տիգրանը, նրա անվամբ դասասենյակ բացվեց: Տեղեկացանք, որ Տիգրանի մորը, որպես սփոփանք, որդու հարազատ կրթօջախում աշխատանք են առաջարկել:
Գյումրու Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի դասասենյակներից մեկն էլ անվանակոչվեց քառօրյա պատերազմի առաջին զոհի՝ Վլադիմիր Մելքոնյանի անվամբ: Ու թեև Վլադիմիրի երազանքն էր ծառայությունից վերադառնալը, աշխատել, բնակարան ձեռք բերելը, անկատար մնաց: Այսօր նրա ընտանիքին իր մահից հետո հայտնվել են բարերարներ, մարդիկ, որոնք օգնության ձեռք են մեկնել եւ պատրաստ են լուծել անգամ բնակարանի խնդիրը,ինչի կարիքն ընտանիքն իսկապես ունի: Ինչպես մայրը՝ տիկին Սվետան է ասում. «Վլադիմիրս լավ կյանք չի տեսել, ու չտեսավ»:
19-ամյա բռնցքամարտիկ Վիկտոր Ալեքսանի Յուզիխովիչի հիշատակն էլ Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում են վառ պահում: Այստեղ բոլորն են հիշում չափազանց համեստ, հավասարակշիռ եւ երբեք չբարկացող Վիկտորին: Նրա անվամբ հարազատ դպրոցում նույնպես դասասենյակ է բացվել: Գյումրեցի հերոսների թիվը այս քաջորդիների անուններով չի սահմանափակվում: Քառօրյա պատերազմի նահատակներ երկու մեծանուն քաջորդիներ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի եւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի վառ անունների հետ կապված գյումրեցիները ևս առանձնահատուկ անակնկալներ են խոստանում:
Արևիկ Հակոբյան, Գյումրի
Այս նյութը դիտել են - 1903 անգամ