Որքա՞ն է երկու աթոռի վրա նստելու Ռուսաստանը
2016-06-04 23:47:00

 Օսկան Քոչարյան

Պուտինյան դարաշրջանի ամենասկզբից իսկ Ռուսաստանում դժգոհում են հարևանների վատ պահվածքից հետխորհրդային տարածքում։ «Երկու աթոռի վրա նստելը» պատկերավոր արտահայտություն է դարձել, դրանում մեղադրել են Վրաստանին, Ուկրաինային, Ղազախստանին և այլոց։ Հայաստանին նման դժգոհություններ Ռուսաստանի կողմից չեն ներկայացվել. Հայաստանը բավական զգույշ էր նստած երկու աթոռի։ Օրինակ, ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ Հայաստանը կոմպենսացնում էր Երևանի կենտրոնում ԱՄՆ ՌԾՈւ ռազմակայանի կառուցմամբ (ամերիկյան դեսպանությունը Հայաստանում ամենամեծ դեսպանատնային կառույցներից է աշխարհում, այնտեղ տեղակայված է ԱՄՆ մոտ 900 ծովային հետևակ, իսկ թե ինչ նպատակով՝ հայտնի չէ)։ Իհարկե, Ռուսաստանի կշտամբանքները հիմնավորված էին, քանի որ ռացիոնալ չէ սուբսիդավորել ուկրաինական տնտեսությունն այն դեպքում, երբ այդ պետությունը նետվում էր դեպի Արևմուտք և ի վերջո հասավ իր ուզածին։

Երկու աթոռի նստելը հատկապես ցավագին դարձավ 2007-ից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նոր աշխարհակարգի ստեղծման մասին, և ուրվագծվեց Եվրասիական միությունը։ ԱՊՀ երկրները պետք է կողմնորոշվեին աշխարհաքաղաքական նոր իրադրությունում։ Ռուսաստանից հեռացան Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան։ Ռուսաստանի հետևից գնացին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։ Չկողմնորոշված մնացին Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը։

Հիմա ստեղծվել է հետևյալ իրավիճակը. Ռուսաստանը խուսավարում է միմյանց թշնամի երկու պետությունների միջև՝ Հայաստանը ճանաչելով որպես ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր։ Այս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին խոսելն իրական չէ, գոնե առաջիկա երկու հարյուրամյակում։ Այժմ ստացվում է, որ երկու աթոռի վրա նստել է Ռուսաստանը՝ խուսափելով կողմնորոշվելուց։ Լավ, ի՞նչ է այսօր Ադրբեջանը։

Ադրբեջանը Թուրքիայի եղբայրական երկիրն է, այդ երկու ժողովուրդների միջև արյունակցական հարազատություն կա։ Ադրբեջանցիները միշտ բռնելու են Թուրքիայի կողմը Ռուսաստանի հետ ցանկացած դիմակայության պարագայում։ Իսկ այսօրվա Թուրքիա՞ն ինչ է։ Դա բավական ագրեսիվ և ուժեղ պետություն է՝ պանթյուրքիստական հավակնություններով, Թուրքիայի ղեկավարությունը ձգտում է առաջնորդության սուննիական աշխարհում և իր քաղաքականության մեջ չի զլանում անգամ բացահայտ համագործակցել ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Ռուսաստանը և Թուրքիան աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա գտնվում են բարիկադի հակառակ կողմերում, Թուրքիան ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդի հավատարիմ դաշնակիցն է։ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ծածուկ հակամարտություն է ընթանում, Ռուսաստանն արգելապատնեշ է դարձել ամերիկյան «կառավարելի քաոսի» նախագծի իրականացման ճանապարհին, ամերիկացիներն ամեն կերպ հակազդում են որպես գերտերություն Ռուսաստանի վերականգնմանն Ուկրաինայի տարածքում։ Թուրքիան անթաքույց նետվում է դեպի Ուկրաինա, զուտ ռուսական հողերում փորձում է ստեղծել թյուրքական ինքնավարություն՝ Խերսոնի մարզում 190.000 թուրք մսխեթցիների վերաբնակեցմամբ։ Ի վերջո, Անդրկովկասում Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր խթանողն է, և պրն Էրդողանը դեմ չէ պատերազմի ևս մեկ հրդեհ վառել Ռուսաստանի հարավային սահմաններում։

Ինչպես տեսնում ենք, անախորժ պատկեր է ստացվում։ Ամեն դեպքում Ադրբեջանը հակառուսական դաշինքի ամենաբնական անդամն է, Հայաստանը՝ Ռուսաստանի և ռուսաց աշխարհի ամենաբնական դաշնակիցը։ Բայց պաշտոնական մակարդակով այս երկու երկրների միջև Ռուսաստանը ոչ մի տարբերություն չի դնում։ Այլ կերպ ասած՝ նստած է երկու աթոռի։

Որքա՞ն է այսպես շարունակվելու։ Ժամանակը չէ՞ արդյոք, որ Ռուսաստանն օրինակ վերցնի Թուրքիայից և միանշանակ գրավի Հայաստանի կողմը Ադրբեջանի հետ դիմակայությունում, ճանաչի Ղարաբաղը, Ադրբեջանի հետ հարաբերությունների սրացման պարագայում դիտարկի պետական այդ կազմավորման մասնատման հարցը, վերջ դնի Անդրկովկասում թուրքական ազդեցությանը, նվազագույնի հասցնի ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում։ Մենք խոսում ենք բացառապես քաղաքականության մասին, որը բխում է Ռուսաստանի Դաշնության բուն շահերից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը հասկանալու, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինի Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցը, Ադրբեջանի արյունն ուրիշ է՝ թյուրքական, Ադրբեջանը միշտ խփելու է Ռուսաստանի թիկունքին, հենց որ առիթը ներկայանա, հենց որ դա պահանջի արյան կանչը։

Այսպիսով, միայն կողմնորոշված Ռուսաստանը կկարողանա խաղաղություն հաստատել տարածաշրջանում և ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը։ Դրա համար պետք է տարբերել ռազմավարական դաշնակիցներին պոտենցիալ հակառակորդներից, նրանց միջև հավասարության նշան չդնել, հաստատել լիակատար վերահսկողություն ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Ռուսաստանին անցած հողերում։ Ռուսական ցարերը պարսիկների ու օսմանների հետ նրա համար չեն կռվել, որ այսօր Բաքվում իրեն սուլթան զգա պրն Էրդողանը։

shame.am

Այս նյութը դիտել են - 1622 անգամ