ՀՈԳՈՒ ՍՆՈՒՆԴ Է ԻՄ ՄԱՐՏԱԿԵՐՏԸ...2016-06-05 21:02:00
Ասում են` լավատեսությունը մեծ մարդկանց շքեղությունն է, իսկ մենք ապրում ենք այստեղ հոգու շքեղության մեջ: Իմ համար արևի երկիր է պատերազմ տեսած այս տաքուկ անկյունը: Եվ ես արևի այս փոքրիկ երկրում ամեն առավոտ բացում եմ իմ հոգու պատուհանները ու կառչում ոսկեհեր արևի վարսերից, փարվում եմ արևի ջերմացած կրծքին ու զգում լուսահորդ ծաղիկների բուրմունքը դյութիչ, բացում եմ իմ հոգու բոլոր պատուհանները և լսում հողի կանաչ աղմուկը մեղմիվ, բացում եմ այն ամեն օր, որտեղ սեր կա անսահման, մի լուսավոր կյանք, բացում եմ կամաց, որ խիղճս հանկարծ նույնիսկ չցավի… Հոգու անդորրություն, սա հրաշագործ պահ է, որտեղ ներանձնանում ես, մտովի խոսում քեզ հետ կամ լսում լռության մաքրագործող ձայնը և երբեք չես ձանձրանում, երբ սեր կա այնտեղ ու մեծ հավատ:
Եվ այսպես հոգու սնունդը ապրեցնում է մեզ, ու մենք ապրում ենք այստեղ հոգու սնունդով, որ բառ է դառնում, երբեմն հավատ: Եվ հույսը գրկած` երբեմն խոսքը վահան եմ դարձնում ու չարիքի դեմ մի հատիկ բառը հզոր է դառնում, մի ամուր թիկունք` չարիքին ուղղված: Ինձ հղված բառը գրկում եմ ամուր… ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ մենք, այսպես է ասում նա իր տողերում, որ սահմանի մոտ ապրում ենք այսպես...Եվ քիչ է մնում ես էլ խոնարհվեմ ու խոնարհվում եմ այս հատիկ բառից..., հեռու-հեռավոր իմ ընկերներից հոգու սնունդ եմ ստանում ես այսպես...
ԽՈՍՔԴ ՀԶՈՐ Է, այսպես են ասում, ու ես սնվում եմ այս երկու բառից, որ օդ ու ջուր են դառնում ինձ համար: Կարոտն եմ գրկում, երբ ասում են ինձ` ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆՔ քեզ, կարոտի միջից ժպիտ եմ հանում, որ սնվեմ նորից, հոգիս լիանա: ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ Է, այսպես են ասում, երբ վհատված եմ, վախվորած մի քիչ..., համբերությունը ձգում եմ, ձգում, ու կյանք է դառնում, ապրելու կամար: ՍՈՒՐԲ բառը հաճախ ամուր եմ գրկում, որ հող է դառնում, երբեմն` Արցախ, սրբությամբ օծված մայրեր են դառնում և կամ սուրբ հավատ: Սահմանը մի նոր պատնեշ է դառնում ԶԻՆՎՈՐԻ կողքին, ու ես այդ բառը գրկում եմ ամուր, ու կողքին ահա շարվում են բառեր, որ ՍԵՐ է կոչվում, սեր ու հայրենիք, որ ԿՅԱՆՔ է կոչվում, նոր կարոտ ու շունչ, մի նոր ՍՊԱՍՈՒՄ` անսահմանության մեջ, մի ԾԱՂԻԿ ՀԱՍԱԿ` սահմանին կանգնած...
Այսպես ենք ապրում սրբությամբ օծված մեր հայրենիքում` հոգու սնունդով, լուսավոր կյանքի սպասելիքներով, որ հույս է դառնում, երբեմն` հավատ....Հոգևոր սնունդ, որ բառ է դառնում, ու այսպես անվերջ բառով ենք սնվում, ու բառը նորից բառեր է դառնում...Եվ այսպես անվերջ ապրում ենք բառով, միայն թե ապրենք…
Նատաշա Պողոսյան,
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1652 անգամ