Երբեմն թվում է, թե Հայաստանում այլևս որևէ արժեքավոր ստրատեգիական կարևորության բան չի մնացել, բայց հետո ՀՀ իշխանությունները այն ինչ որ կերպ գտնում ու հանձնում են ռուսներին:
Բոլորին հասկանալի է, որ հակաօդային պաշտպանությունը հենց այնպես պաշտպանության մի անկարևոր մաս չէ, որ տաս ուրիշներին: Այն Հայաստանի պաշտպանական համակարգի խիստ կարևոր մաս է կազմում: Հակաօդային պաշտպանությունը պատերազմական իրավիճակում կարող է ամենավճռական ազդեցությունն ունենալ ամբողջ պաշտպանական համակարգի համար և վճռել պատերազմի ելքը:
Վերջին տարիներին Ռուսաստանի հակահայ և ադրբեջանամետ քաղաքականության ֆոնի վրա, և դեռևս քառօրյա պատերազմի թարմ ազդեցության տակ խիստ անհասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանությունները ՀՕՊ-ը հանձնելով Ռուսաստանին էլ ավելի մեծ կախվածության տակ են դնում Հայաստանի անվտանգությունը՝ էլ ավելի մեծ լծակներ տալով Ռուսաստանի նման անվստահելի «գործընկերոջը»:
Ուրեմն ի՞նչն է դրդում Հայաստանի ինշխանություններին հակաօդային պաշտպանությունը ևս հանձնել ռուսներին, և ինչու՞ է այն հարկավոր Ռուսաստանին:
Բնական է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության լիակատար ձեռքբերումը մեծ արժեք ունի Ռուսաստանի համար, առաջին հերթին հաշվի առնելով Թուրքիայի հետ լարվածությունը: Այն թույլ է տալիս մեկ հրամանով թուրքական օդանավեր խփելու, առանց ՀՀ զինված ուժերի հետ համաձայնեցնելու: Հնարավոր է նաև հենց Թուրքիայի օդային տարածքում, որը Հայաստանի տարածքը կդնի հարվածի տակ: Ամեն դեպքում, Հայաստանի ՀՕՊ-ի նկատմամբ Ռուսաստանի լիակատար վերահսկողությունը կարևոր լծակ է Թուրքիայի նկատմամբ, նաև հաշվի առնելով սիրիական պատերազմը: Սակայն այն նույնպես կարևոր լծակ է Հայաստանի նկատմամբ, և սա է որ շատ վտանգավոր կախվածություն է ստեղծում մեզ համար:
Միջազգային հարաբերություններում չի եղել և չկա երկու ինքնիշխան պետությունների միջև այնպիս դաշնակցություն, որտեղ դաշնակից պետությունները սահմաններ չգծեն այդ դաշնակցային հարաբերություններում: Սակայն մեր դեպքում այդ սահմանագծերը խիստ պայմանական են և գնալով շարժվում են ի վնաս Հայաստանի և ի օգուտ Ռուսաստանի: Այլ կերպ ասած իրականում սահմաններ չկան՝ Պուտինը ինչ ցանկացավ կստանա, իսկ մենք ստանում ենք ոչինչ:
Այս պայմանավորվոծության վտանգները պետք է որ հասկանալի լինեն ՀՀ իշխանություններին: Այդ դեպքում ի՞նչն է դրդում նրանց գնալ այս քայլին: Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը այդ քայլին դիմել է, փորձելով դեպի իր կողմը սիրաշահել ադրբեջանամետ Ռուսաստանին: Այլ կերպ ասած, շարունակվում է վերջին տարիների բացարձակ անողնաշար արտաքին քաղաքականությունը, որի ձախողված լինելը արդեն ապացուցվել է ապրիլյան պատերազմով: Այսինքն՝ էլ ավելի տանք Ռուսաստանին, միգուցե նրա սիրտը կփափկի և մեզ կողորմա: Սա ոչ թե ինքնիշխան պետության վարած քաղաքականություն է, այլ լիակատար ապուշություն և քաղաքական անգրագիտության հետևանք: Եթե քո դաշնակիցը քո նկատմամբ վատ է վերաբերվում, որի պատճառով քո անվտանգությունը վտանգի տակ է դրվում և դու կորցնում ես մարդկային կյանք և տարածքներ, ապա դու պետք է օգտագործես քո բոլոր հնարավոր և անհնարին լծակները և կարգի հրավիրես քո դաշնակցին, այլ ոչ թե նրան ավելի շատ լծակներ տաս և թուլացնես քո պետության ինքնիշխանությունը և անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում նաև կարելի է այլ դաշնակիցներ փնտրել ցուցադրաբար, Ռուսաստանին ցույց տալու, որ իր դիրքը այդքան էլ մոնոպոլ չէ, և դա օգտագործել որպես ճնշման մեխանիզմ որպեսզի այն խաղա որպես իրական դաշնակից: Սակայն այս պարզ տրամաբանությունը չգիտես թե ինչու խորթ է ՀՀ իշխանություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանին:
Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ այս մարդը Հայաստանի միջազգային հարաբերությունները վերածել է կազինոյի՝ այսինքն Ռուսաստանին տանք ինչքան որ պահանջվում է, և միգուցե նա մեր շահերից բխող ինչ որ մի բան կանի: Երբ այն տեղի չի ունենում և մենք կորցնում ենք հերթական խաղադրույքը, մի պահ քորում է գլուխը և անիծում բախտը, բայց հետո մոռանալով նախկին կորուստները և դրանցից չխրատվելով, խաղամոլի տրամաբանությամբ իր գնալով փոքրացած քսակից նոր խաղադրույք է դնում՝ հույսեր փայփայելով որ ահա այս անգամ մեր բախտը կբերի և կշահենք:
Ահա սա է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության ողջ տրամաբանությունը: Այստեղ ոչ համապատասխան կրթությամբ վերլուծաբաններ են պահանջվում, ոչ արտաքին քաղաքականության փորձ ունեցող մարդիկ, և ոչ էլ արտաքին գործերի նախարար (հասկանալի է դառնում, թե ինչու Էդուարդ Նալբանդյանը անելիք չունի և հազարից մեկ է հայտնվում տեսադաշտում):
Սերժ Սարգսյանը ոչ միայն ինքնակոչ նախագահ է, այլ նաև արտաքին քաղաքականության բնագավառում բացարձակապես անգրագետ անձ: Նա իր վարած ազգադավ քաղաքականությամբ երկիրը տանում է դեպի լիակատար գաղութացում: Կարևոր չէ, թե նա անում է որպես նպատակամղված դավաճանություն, թե իր անգրագիտության պատճառով այդպես է ստացվում՝ միևնույն է, երկու դեպքում էլ ելքը նույնն է, և դրա միակ լուծումը նրա հեռացումն է իշխանությունից:
Սասուն Քոսյան
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան շարժման Նյու Յորքի մասնաճյուղ