Ավելի քիչ մարդկանց կողմից աշխատանքի դիմելու հետևանքով, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 5-ից իջել է 4.7 տոկոսի, ինչը 2007 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
ԱՄՆ-ում աշխատանքի ընդունման ցուցանիշը մարտ ամսին զգալիորեն ընկավ, հիմնականում արտադրության և էներգիայի բնագավառներում կրճատումների պատճառով: «PNC» բանկի ֆինանսական ծառայությունների ղեկավար տնտեսագետ Գուս Ֆաուչերի խոսքերով, պատճառն այն է, որ ավելի քիչ թվով մարդիկ էին աշխատանքի դիմում: Սակայն նա հավատացած է, որ սա ժամանակավոր բնույթ է կրում:
«Անշուշտ հունիսին աշխատատեղերի թվի ավելացումը հավանական չէ: Սակայն, կարծում եմ, դեռևս հնարավոր է, որ հուլիսին աշխատատեղերը ավելանան»:
«Bank of America Merrill Lynch» բանկի համաշխարհային տնտեսության բաժնի ղեկավար Իթըն Հարրիսի խոսքերով, գործազրկության համար միշտ մեղադրում են գործող կառավարությանը, հատկապես նախագահի ընտրությունների տարում:
«Առաջին հերթին, գործող կուսակցությունը միշտ էլ արժանանում է մեղադրանքների կամ գովասանքների, անկախ նրանից, նրանք դրան արժանի են թե ոչ: Մենք այժմ տարօրինակ իրավիճակում ենք գտնվում, երբ տնտեսությունը զգալիորեն բարելավվել է, սակայն այն դեռևս լավը չի համարվում»:
«AICP» համալսարանից Վալերի Ռեյնիի խոսքերով, ամերիկյան կազմակերպությունները հարցին նայում են ավելի լայն տեսանկյունով։
«Մեր գործընկերները ասում են, որ այն բնագավառներում, որտեղ իրենց աշխատողներ են անհրաժեշտ, իրենք պատրաստ են նոր աշխատատեղեր ավելացնել: Դա վկայում է, որ նրանք տնտեսության հանդեպ դրական սպասելիքներ ունեն»:
Ֆինանսական շուկաները կարծես թե առաջնորդվում են աշխատատեղերի նվազման ցուցանիշով։ Մինչդեռ փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի ուժեղ է, քան աշխատատեղերի մասին ներկայացված ցուցանիշները: