Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բուհերում կոռուպցիայի խնդրին: Նա ասաց, որ չի բացառում կոռուպցիայի դեպքերը: «Կրթության համակարգն ակտիվ ներառված է հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը, ունենք ռիսկերի նվազեցման ծրագիր, որոշակի քաղաքական որոշումներ, որոնք այդ ռիսկերը իջեցնում են»,-ասաց նա և օրինակ բերեց, որ դպրոցի տնօրենների մրցույթի պարզեցումն այդ ռիսկերի նվազեցնում է:
Ինչ վերաբերում է նրան, որ օրինակ Իրավաբանական ֆակուլտետում հարուստներն են կարողանում սովորել, նա հարցրեց, թե ինչի հարուստների երեխաներն իրավունք չունեն սովորելու:
«Մենք ունենք հասարակության մեջ շերտ, որոնք ի վիճակի չեն վճարելու, և նրանց երեխաներն ի վիճակի չեն մասնավոր պարապելու, նրանք կարող են վաստակել 13-15 միավոր, որն անվճար համակարգը համարյա անհասանելի է դարձնում, դրա համար մշակել ենք հատուկ ձևաչափ, որի մասին արդեն ասել եմ: Երբ մենք կառանձնացնենք պետական պատվերը և կփորձենք պետական պատվերի մեջ մոտավորապես 50-60 տոկոս դարձնել սոցիալական, այսինքն՝ երեխան, որը կփորձի ընդունվել բուհ կստանա իր իրավունքները, որից հետո իր փաստաթղթերը կներկայացնի և կկարողանա ստանալ սոցիալական անվճար ուսուցում»,-ասաց նա և նշեց, որ սա շատ մտահոգությունները կփարատի: