Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են...2016-06-07 19:27:00
Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել եւ սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին։ «Ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների հետ, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է», նման կցկտուր տեղեկություններ է հայտնում դեպքի մասին պատմող Ոստիկանության հաղորդագրությունը։
Իրականում պարզվում է, որ այս հանցագործությունն էլ բացառություն չէ, դրան առնչվում են բարձրաստիճան պաշտոնյայի մերձավորներ։ Խաչատրյանն իր «Ֆորդ Տրանզիտով» երթեւեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղիով, երբ նկատել է «պրոտիվ» երթեւեկող ավտոմեքենա։
Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ եւ ֆիզիկապես պատրաստված անձնավորություն էր, փորձել է քաղաքավարի նախատել օրինազանց երիտասարդ վարորդին, նա նկատողություն է արել սխալ վարելու համար։ Վարորդը ընկերների հետ է եղել , ծանր է տարել դիտողությունն ու իջնելով ավտոմեքենայից հայհոյանքներ է տեղացրել։ Ապա մեքենայից դուրս է հրավիրել Խաչատրյանին։ Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որն ավտոմեքենայում է եղել։ Դուրս գալով նա հարվածել է հայհոյողին, ապա վրա են տվել վարորդի երիտասարդ ընկերները, սակայն ֆիզիկապես պատրաստված Խաչատրյանը կարողացել է միայնակ բոլորի հախից գալ, ավտոմեքենայի մեջ է եղել նաեւ երիտասարդ մի աղջիկ։ Տեսնելով, որ ընկերները խմբով չեն կարողանում միայնակ Խաչատրյանի վրա, զանգել ու օգնության է կանչել։
Մեր տեղեկություններով արագ դեպքի վայր են հասել մի խումբ ամրակազմ երիտասարդներ: Նրանք հարձակվել ու դաժանաբար ծեծել են Խաչատրյանին,երկաթյա ձողերով, Խաչատրյանը գետին է տապալվել երկաթյա գնդից ստացված հարվածից։ Մայրն է իջել ավտոմեքենայից, ճչացել, որ որդուն սպանում են, բայց դաժան ոճրագործները սպանել են Խաչատրյանին մոր աչքի առաջ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել։
Մարմնի վրա ծանր վնասվածքներ կան։ Այս դեպքով մեկ ձերբակալված կա, մի քանի որոնվողներ, որոնք՝ եթե առաջիկայում չհայտնաբերվեն, ապա հետախուզում կհայտարարվի։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված Քր.օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն։ Մեր տեղեկություններով, գործով անցնում են 4 հոգի, սակայն իրականում միջադեպի մասնակիցներն ավելի են եղել:
Լեզվաբանի ամուսինը մահացել է գանգուղեղային բաց բութ վնասվածքի հետեւանքով։ Նա Արտաշատում զբաղվում էր հողագործությամբ, բանջարեղեն էր աճեցնում, հարգված անձնավորություն էր։
Անի Սահակյան
Այս նյութը դիտել են - 3622 անգամ