Դատավորի կինը դատի է տվել Դատական դեպարտամենտին...
2016-06-08 00:42:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Խանդանյանի կնոջ ընկերությունը դատի է տվել Դատական դեպարտամենտին: Պարզվում է՝ Խանդանյանի կնոջ՝ Հռիփսիմե Գյամջյանին պատկանող եւ թարգմանությունների համար հայտարարված մրցույթը շահած «Գ ԸՆԴ Հ ՊԱՐՏՆԵՐՍ» ՍՊԸ-ին դեպարտամենտը չի վճարել գումարն ամբողջությամբ, վերջինս էլ դիմել է դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել է «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ից հօգուտ «Գ Ընդ Հ Պարտներս» ՍՊ ընկերության բռնագանձել 9 մլն. 125 հազար 739 դրամ՝որպես մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար: Սակայն այս որոշումից դժգոհ են մնացել Դատական դեպարտամենտը եւ գործում որպես երրորդ կողմ ներգրավված ֆինանսների նախարարությունը:

Նրանք դիմել էին վերաքննիչ դատարան, բողոքները բավարարվել էին, եւ գործն ուղարկվել էր նոր քննության: Այժմ էլ «Գ Ընդ Հ Պարտներս» ընկերությունը դիմել է վճռաբեկ դատարան՝ ընդդեմ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի, երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարության` գումարի բռնագանձման պահանջի մասին: Առայժմ վճռաբեկը որոշում չի կայացրել: Ի դեպ, ավելի վաղ հայտնել էինք, որ Վերահսկիչ պալատը Դատական դեպարտամենտում ստուգումներ է իրականացրել եւ մի շարք խախտումներ հայտնաբերել, որոնք վերաբերել են նաեւ թարգմանությունները կազմակերպելու գործընթացին:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 1387 անգամ