Միացյալ Նահանգները կպահպանի կապերը Ռուսաստանի ժողովրդի հետ
2016-06-09 09:00:00

Չնայած պաշտոնական Մոսկվայի հետ առկա հակասություններին, Միացյալ Նահանգները շարունակելու է ամուր կապեր պահպանել Ռուսաստանի ժողովրդի հետ, Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը.

«Մենք պահպանելու ենք Ռուսաստանի ժողովրդի հետ կապերը՝ ապագայում ավելի կառուցողական հարաբերությունների ներուժ ապահովելու նպատակով»:

Նուլանդի խոսքով, Մոսկվայի հետ հարաբերություններում Վաշինգտոնն առաջնահերթությունը դնում է չորս կետերի վրա, որոնցից երկուսը վերաբերում են ԱՄՆ-ի եւ դաշնակիցների պաշտպանության ամրապնդման եւ ռուսական հնարավոր գրոհի կանխմանը: Մյուս երկու կետերը վերաբերում են ընդհանուր շահերի շուրջ համագործակցության զարգացմանը.

«Մենք շարունակելու ենք համագործակցել անվտանգության առանցքային այն առաջնությունների ուղղությամբ, որոնց շուրջ մեր շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ»:

Լսումների ընթացքում ԱՄՆ-ի սենատորներից շատերը գործադիր իշխանության ներկայացուցիչներից պահանջում էին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ, նրանց խոսքով, Մոսկվայի ներկա քաղաքականությունը լավատեսության առիթ չի տալիս:

«Մենք իրոք Ռուսաստանի վարչակարգի հետ ունենք ընդհանուր շահեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել, սակայն, մենք երբեւէ չենք կարող մոռանալ մեր սկզբունքները կամ մարդու իրավունքների խախտումների վրա աչք փակել», - նշել է սենատոր Բեն Քարդինը:

Սենատոր Ռոբերտ Մենենդեզը պահանջել է ԱՄՆ-ի գործադիր իշխանությունից խստացնել պատժամիջոցները, մինչեւ դրանք իրական ազդեցություն ունենան Մոսկվայի կողմից տարվող քաղաքականության վրա.

«Ես անհանգստացած եմ, քանի որ Պուտինը մեր գործողություններից պետք է կարծիք կազմի, որ համբերության սահմանների հատումը, հարձակումներն ու պատեհապաշտությունը ճիշտ մոտեցումներ չենէ»:

"Ամերիկայի Ձայն"-ի փոխանցմամբ, լսումների ընթացքում սենատոր Բոբ Քորքերը հիշեցրել է նաեւ, որ անցյալում Վաշինգտոնն ու Մոսկվան հաջողությամբ համագործակցել են պատոմւթյան ամենաբարդ պահերին.

«Միասին մեր երկրները հաղթահարել են ֆաշիզմը, կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը 1990-ականներին, եւ միասին պայքարել ահաբեկչության դեմ սեպտեմբերի 11-ից հետո»:

Այս նյութը դիտել են - 1260 անգամ