Գտնել եւ պատժել...
2016-06-09 10:17:00

Գրեթե ամեն օր որեւէ սպանության մասին հաղորդագրություններ կարդացող լրագրողի ու ընթերցողի համար գուցե 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանությունը մի հերթական միջադեպ է, որն այնքանով է հիշարժան, որ սպանվածը հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն էր՝ համեստ ու աշխատավոր մի մարդ, որին շրջապատում բոլորը հարգում էին, եւ որը կարող էր ապրել մինչեւ խոր ծերություն։ Բայց երբ կարդում ես կատարվածի մասին Խաչատրյանի ընտանիքի բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին, ուղղակի սահմռկում ես։

Ինչքան պետք է մարդկային տեսակն անկում ապրած լինի, որ տարեց կնոջ՝ մոր աչքի առաջ որդուն ծեծելով սպանեն, նրա աղաչանքն անտեսելով եւ նրան էլ գետնին տապալելով։

Ինչքան պետք է մարդկանց սիրտը քարացած լինի, որ կողքից երթեւեկեն ու տեսնելով օրը ցերեկով կատարվող այդ սպանդը, ոչ թե միջամտեն, այլ հեռանան՝ ընթացքից հեռախոսներով տեսագրելով սպանությունը։ Եվ ինչքան պետք է կինը, աղջիկը կորցրած լինի մարդկային կերպարը, որ ոչ թե կանգնեցնի իր ոհմակի անդամներին եւ կանխի այդ ոճիրը, այլ մասնակցություն ունենա։

Նման պատմությունների մասին լսելիս մի պահ ափսոսում ես, որ մահապատիժը վերացվել է, եւ նմանների պատիժը լավագույն դեպքում մի 10-15 տարվա ազատազրկումը պետք է լինի։ Եթե, իհարկե, հզոր հովանավորները մեկ-երկուսին գործից դուրս չբերեն։

Հենց այս մտավախությամբ էլ Եղիշե Խաչատրյանի 3 զավակները, կինն ու մայրը դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով արդար դատաստան բոլոր 6 մասնակիցների համար, քանզի «Կատարվել է խմբակային դաժան սպանություն, եւ այդ խմբի անդամները հափրացած այնպիսի երիտասարդներ են, որոնց մայրերը չեն կարողացել կամ ժամանակ չեն ունեցել իրենց որդիներին այնպես դաստիարակել, ինչպես իմ սկեսուր մայրը՝ իր զավակին»,- գրել է տիկին Փառանձեմը: 

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1618 անգամ