Թեև նախընտրական գզվռտոցը հրապարակավ չի թեժացել, բայց ներքին անորոշությունն ու փնտրտուքը վաղուց են սկսվել
2016-06-09 22:51:00

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. «ԱԺ-ն ավարտեց հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքները։ Աժ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հերթագրվածները միայն ընդդիմադիրներն էին։

Իշխանությունից մի «շունչ չկար», իսկ ընդդիմությունն առավել քան լուրջ անհանգստության շրջան է ապրում։ Թեև նախընտրական գզվռտոցը հրապարակավ չի թեժացել, բայց ներքին անորոշությունն ու փնտրտուքը վաղուց են սկսվել։ Խորհրդարանական ոչ մի ընդդիմադիր ուժ չգիտի մյուս Աժ-ում լինելու է, թե ոչ, սպասում են «կենտրոնի» հրահանգին, որ իրենց գլխի ճարը տեսնեն։ Իսկ «կենտրոնում», մեր աղբյուրի պնդմամբ, դեռ հստակ դասակարգում չկա, թեև «էսքիզները» երևում են։ Ասել է՝ նպատակ կա արևմտամետներին հավաքելու մի դաշինքի մեջ, ունենալու ևս մեկ-երկու ընդդիմադիր բևեռ (այս հարցում դեռ հստակություն չկա՝ ում թողնել լուսանցքում) և ՀՀԿ-ՀՅԴ իշխանական զույգ։

Նույն աղբյուրի պնդմամբ, կան նաև առանձին ընդդիմադիի պատգամավորներ, որոնք այս սցենարի մեջ չեն «տեղավորվում»։ Վերջիններս ջանքեր են գործադրում վերստին պատգամավոր դառնալու՝ ինքնուրույն այս կամ այն ուժից «կառչելով»։ Իսկ մինչ այդ Աժ ամբիոնից ընդդիմադիրներին ևս մեկ հնարավորություն կտրվի ոչ թե հասարակությանը, այլ քաղաքական «գծագրողներին» փոխանցելու իրենց մտադրությունները։

Օրենսդրական աշխատանքից «հոգնած» պատգամավորական դասը հերթական անգամ բերման կենթարկվի, քանի որ առաջիկայում արտահերթ նստաշրջան է նախատեսվում։ Գործարար պատգամավորների համար առանձնահատուկ է այս արտահերթը, քանի որ նրանց գումարները «հաշվող» ու «տնօրինող» նախագիծ է օրակարգում՝ Հարկային օրենսգիրքը»,–գրում է թերթը։ 

Իրատես դե ֆակտո 

Այս նյութը դիտել են - 2048 անգամ