Աշխարհը հրաժեշտ է տալիս հռչակավոր բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին
2016-06-11 09:15:00

Գրեթե բոլորը գիտեն աշխարհահռչակ ծանրքաշային բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մարզական անկրկնելի նվաճումների մասին: Սակայն նրա հուղարկավորման օրը շատերը հիշում են նաև Ալիի հսկայական դիվանագիտական առաքելության և մարզիկի ժառանգության մասին:

Աշխարհը սգում է հռչակավոր և բռնցքամարտի ծանրքաշային անկրկնելի չեմպիոն Մուհամեդ Ալիի մահը: Նրա կյանքն ու գործունեությունը հատկապես մեծ ազդեցություն են թողել Ալիի ծննդավայր Քենթաքի նահանգի Լուիսվիլ քաղաքի բնակիչների վրա, որտեղ և կատարվել է նրա հուղարկավորման արարողությունը:

Մանկության տարիներին Ալիի հարևանությամբ բնակվող Քրիս Ֆորհենդի խոսքերով, մի քաղաքում, որտեղ ժամանակին շատ էին զենքի կիրառմամբ բռնությունները և անօրինական գործունեությունը, Ալիի կյանքի պատմությունը ոգեշնչում է նոր սերնդին:

«Երբ այդ կյանքի մի մասն ես, դա ստիպում է մտածել. «Ես նույնպես կարող եմ հասնել ինչ որ բանի»: Այսօր մենք պետք է մեր երեխաներին հույս տանք: Նա մի ժառանգություն է թողել, որը երիտասարդներին հույս է ներշնչում»:

​Մուհամեդ Ալին ոչ միայն ճանաչված էր որպես բռնցքամարտի ծանրքաշային չեմպիոն այլ նաև հայտնի էր ռինգից դուրս իր ակտիվ գործունեությամբ:

Ռինգում Ալին տարել է 56 հաղթանակ և կրել 5 պարտություն: Սակայն ոչ բոլորը գիտեն մարտահարթակից դուրս նրա դիվանագիտական գործունեության մասին:

1960-ականների սկզբներին Ալին հետաքրքրվել է մահմեդականությամբ, որը քարոզում էր սպիտակների և սևեամորթների միջև տարանջատումը:

Կարճ ժամանակ հետո բռնցքամարտիկը մահմեդականություն է ընդունել և ծնողների կողմից տրված Քասսիուս Քլեյ անունը՝ փոխել Մուհամեդ Ալի անունով, ինչը նշանակում է «Աստծո սիրելին»:

Իր նոր կրոնի պատճառով Ալին հրաժարվել է մասնակցել Վիետնամի պատերազմին:

«Հեռուստատեսությամբ այժմ հստակ ասում եմ: ՈՉ»:

Այս հայտարարության համար նրան զրկել են բռնցքամարտի իր տիտղոսից և ձերբակալել: Հաուարդի Համալսարանից Գրեգ Քարրի խոսքերով, Ալին փոխել է մահմեդական կրոնի ուղղությունը մի քանի անգամ:​

«2000-ականների կեսերին Ալին ընդունել է մահմեդականության «Սուֆի» կոչվող ուղղությունը, որը քարոզում էր հանդուրժողականություն, համբերատարություն և ինքնավերլուծություն»:

1985 թվականին Ալին մեկնել էր Լիբանան, սակայն նրան չէր հաջողվել փրկել առևանգված ինքնաթիռի պատանդներին:

Հինգ տարի անց Պարսից ծոցի պատերազմի ժամանակ նա հանդիպել է Սադամ Հուսեյնին և 15 ամերիկացի պատանդների տուն բերել:

Նրա արժանիքների և նվաճումների մասին թերևս ոչ ոք այնքան լավ չգիտի, որքան Ալիի դուստր Լեիլան:

«Այս մարդը գերազանցել է բոլոր սահմանները, և եղել է բոլորի կողմից սիրված: Նրա նման ոչ ոք չկա, և կարծում եմ երբևէ չի լինի»:

Մուհամեդ Ալիի ժառանգությունը տարածվել է երկրագնդով մեկ, և նրա այս խոսքը վերաբերում է յուրաքանչյուրին. «Ապրիր ամեն մի օր իբրև դա քո վերջին օրն է, քանզի մի օր դու իրավացի կլինես»: Մուհամեդ Ալիի համար այդ օրը 2016 թվականի հունիսի երեքն էր:

Այս նյութը դիտել են - 1916 անգամ