Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված ԴԱՀԿ աշխատակից, արդարադատության լեյտենանտ Խաչիկ Կոսյանը, որն այժմ կալանավորված է, նրա փաստաբանի եւ ընտանիքի անդամների հավաստմամբ, կապ չունի նշված սպանության հետ: Նրանք հավատում են, որ արդարադատությունը կհաղթի, ու կպատժվեն մեղավորները:
Մենք զրուցել ենք 26-ամյա Խաչիկ Կոսյանի հոր՝ արդարադատության գնդապետ, այժմ թոշակի անցած Հակոբ Կոսյանի հետ, որն ասաց, որ եթե հանկարծ պարզվի, որ որդին իր հոր տարիքի՝ 58 տարեկան մարդու վրա ձեռք է բարձրացրել, ապա խաչ կքաշի նրա վրա եւ որպես որդի այլեւս չի ճանաչի նրան: Խաչիկը, հոր պատմելով, մասնագիտությամբ իրավաբան է՝ մագիստրոսի կոչումով, եւ ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ԴԱՀԿ Կենտրոն, Նորք-Մարաշ բաժնում։ «Սիրալիր, հարգանքով, շրջապատի կողմից ընդունված ու դաստիարակված տղա է»:
Նա շատ բարկացած էր մամուլում իր որդու մասին «սխալ» հրապարակումներից եւ ասաց, թե չի կարելի «ցեխ շպրտել արժանավոր ընտանիքի երեսին»: «Այնպես եք ներկայացնում, կարծես Բեն Լադենի տղան լինի, կարծես ինքը դուրս է եկել ոչ թե իմ գյոզալ ընտանիքից, այլ կակոյ նի բուդ հանցագործի լակոտ ա: Ես միանալու եմ Մեյթիխանյանի պայքարին, որպեսզի պատկան բոլոր մարմինները գտնեն բոլոր մեղավորներին, կարծեմ 6 անձ են եղել, եւ նրանց համար սահմանեն ամենախիստ պատիժը, եւ այս խայտառակությունը վերանա: Հին ու նոր ամեն դեպք բերում-կապում եք էս դեպքի հետ:
2010 թվականին իմ տղան դժբախտ պատահարի մեջ է ընկել՝ նրա կողմից կատարված վրաերթի մասին է խոսքը: Մարդը դատապարտվեց, իր պատիժը կրեց ու դուրս եկավ»,-վստահեցրեց Կոսյանը: Նա նաեւ ուշագրավ մանրամասներ պատմեց դեպքի օրվա հետ կապված: Ըստ այդմ, Խաչիկը կնոջ հետ (որը քրգործով հետախուզվող Արտաշես Չիչոյանի քույրն է) այդ օրը՝ հունիսի 4-ին, հարսանիքի է մասնակցել, այնուհետ ինչ-որ տեղից զանգել են ու կանչել քեֆի: Կնոջն ասել է՝ կոլեկտիվով հավաքվել են, գնամ, մի ժամով մասնակցեմ՝ գամ: «Քեֆից վերադառնալու ճանապարհին էլ Խաչիկը վթարի է ենթարկվում՝ մեքենան պատին է խփում։ Այնուհետ վթարված մեքենան էվակուատորով ուղարկում է տեխսպասարկման կայան, այնտեղից գնում է հարսանիքի վայր, կնոջը վերցնում, տաքսիով տուն է տանում:
Ընկերը, որը դիմավորում է էվակուատոր մեքենային, զանգում է Խաչիկին ու ասում, որ մեքենայի բանալիները չկան: Խաչիկը տեսնում է, որ բանալիները կուրտկայի գրպանում են, տաքսիով գնում-մտնում է տեխսպասարկման կայան, որ տա բանալիները: Այդտեղ ջահելներ են հավաքված լինում, հարցուփորձ են անում, թե ինչպես է վթարը տեղի ունեցել, երկար զրուցում են»,-պատմում է հայրը:
Վթարված «ՏոյոտաՔեմրի» մեքենան Խաչիկինը չի եղել, այլ նրա աներորդունը՝ Արտաշես Չիչոյանինը, որն էլ, իմանալով վթարի մասին, ընկերների հետ շտապում է տեխսպասարկման կետ եւ ճանապարհին հանդիպում Մեյթիխանյանի ամուսնուն, վիճում նրա հետ, ինչից հետո տեղի է ունենում մահվան ելքով ծեծկռտուքը: Խաչիկը, ըստ հոր, այդ ժամանակ եղել է սպանության վայրից 50-60 մետր հեռու տեղակայված հիշյալ տեխսպասարկման կետում: Եվ միայն այն բանից հետո, երբ փողոցից լացի ու օգնության կանչեր են լսվել, տեխսպասարկման աշխատակիցների հետ գնացել է դեպքի վայր ու տեսել գետնին ընկած Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին: Նա նույնիսկ մի քանի մետր հեռու է եղել նրանից, անգամ չի օգնել, քանի որ արդեն մահացած է եղել:
Հակոբ Կոսյանի պատմելով՝ էվակուատորի վարորդները, տեխսպասարկման աշխատակիցները կարող են վկայել, որ իր որդին կապ չունի սպանության հետ, քանի որ այդ ամբողջ ընթացքում զբաղվել է վթարված մեքենայի հետ կապված հարցերով։ «Անգամ սակարկել է էվակուատորի վարորդի հետ, թե արի 20 հազարով բարիշենք, տեխսպասարկման աշխատակիցների հետ էլ է սակարկել մեքենայի վնասվածքները վերացնելու գնի հետ կապված»,-պատմում է հայրը: Խաչիկն այնուհետ, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, նստել է տաքսի ու վերադարձել տուն, հորը պատմել, որ նման դեպք է եղել, մարդ է մահացել: «Իջանք բակ՝ միասին քայլելու ու զրուցելու, իսկ երբ եկանք տուն, իմացանք, որ փոքր տղայիս ոստիկանություն են տարել: Եկել փողոցում հարցրել են, թե որտեղ է Խաչիկենց տունը, նա էլ ասել է, թե ես եղբայրն եմ, ինչո՞վ կարող եմ օգնել: Ոստիկանության աշխատակիցներն ասել են՝ կարո՞ղ ես մեզ հետ գալ ոստիկանություն, նա էլ ասել է՝ սիրով, ու գնացել է:
Երբ Խաչիկն իմացավ, որ եղբորը ոստիկանություն են տարել, ասաց՝ պապ, արի ես էլ գնամ, ինչ որ պետք է, բացատրեմ իրենց, պատմեմ՝ որը որից հետո է, ու տուն գամ: Ինքն իր ոտքով հենց դեպքի օրը գնացել է ոստիկանություն, որտեղ իմանալով, որ որդիս Արտաշեսի հետ փեսա-աներձագ են, որոշել են կպնել էդ թույլ տեղից ու որդուս պահել են: Իր հետ դեպքի վայրում իր ընկերներից եւս 5 հոգի են եղել, ինչո՞ւ նրանց չեն պահել, այլ միայն Խաչիկին»,-տարակուսում է հայրը:
Ի դեպ, արդեն իսկ տեղի է ունեցել ճանաչում Խաչիկի եւ սպանվածի 75-ամյա մոր միջեւ, եւ վերջինս իր ցուցմունքում ասել է, թե Խաչիկին դեպքի վայրում չի տեսել: «Դատարանը ոչ մի հիմք չէր գտնում, որ խափանման միջոց փոխեր, եւ դատավորն առանց խորհրդակցական սենյակ մտնելու, արդեն իսկ դեմը գրած-դրած էր, որպես խափանման միջոց ընտրեց կալանքը»,-ասում է Հ. Կոսյանը: Նշանակվել է համակողմանի փորձաքննություն Խ. Կոսյանի փաստաբան Վաչագան Քոսյանն էլ նույնը պատմեց եւ պնդեց, որ իր պաշտպանյալը «ոչ միայն դեպքի հանգամանքներին մասնակիցը չի եղել, այլ նաեւ ականատեսը»: Նա, ըստ փաստաբանի, 2 ընկերների՝ Հարությունի եւ Արթուրի հետ եղել է ավտոտեխսպասարկման կայանում:
Փաստաբանի խոսքով՝ նշանակվել է դատաքիմիական, դատամանրաթելային, դատամիկրոմասնիկային փորձաքննություն, որպեսզի ապացուցվի՝ արդյո՞ք տուժողի եւ իր պաշտպանյալի միջեւ շփում եղել է, թե ոչ: Շուտով հայտնի կդառնան փորձաքննության արդյունքները: Նա նաեւ նշեց, որ Կոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մինչդեռ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, Խաչիկ Կոսյանին մեղադրանք առաջադրելու համար այս փուլում առկա են բոլոր բավարար ապացույցները: Քանի որ Կոսյանը ԴԱՀԿ աշխատակից է, նրա վերաբերյալ քրգործի քննությունը ենթակա է ՀՔԾ-ին, ուստի գործն ուղարկվել է դատախազություն, որն էլ կորոշի քննչական ենթակայության հարցը: Այս պահին Կոսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Ի՞նչ հարաբերությունների մեջ էր Կոսյանը հետախուզվողների հետ Հակոբ Կոսյանը պատմեց, որ որդին, երբ անցել է պետական աշխատանքի, առավոտյան գնում, երեկոյան ուշ վերադառնում էր եւ շատ քիչ էր շփվում գործով հետախուզվող Արտաշես Չիչոյանի եւ Արարատ Նիկողոսյանի հետ: «Կամ էլ շփվում էին շաբաթ կամ կիրակի օրերին»: Կոսյանն ասաց, որ ճանաչում էր Արարատին ու Արտաշեսին՝ իրենց թաղի տղերք են: Իսկ ի՞նչ տեսակի անձնավորություններ են եւ ընդունա՞կ էին մարդ սպանել։ «Ամեն մեկն էլ իր համար մարդ է, կդժվարանամ ասել, եթե բզող չլինի, չեմ կարծում, որ նրանք անհարկի կպած լինեն: Կարող է էնտեղ բզել են, ինչ… Չեմ կարող ասել, քննությունը կպարզի: Ոչ մի բան էս երկրում թաքուն, փակ չի մնում, վաղ թե ուշ բացահայտվելու է էս ամեն ինչը»:
Կոսյանի խոսքով՝ իրենք եւս պատրաստվում են նամակ հղել ՀՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով գտնել ու պատժել մեղավորներին: Ի դեպ, մեզ հաջողվել է տեղեկություններ ճշտել հետախուզվողների վերաբերյալ: Նրանցից մեկը՝ Արտաշես Չիչոյանը, որն Էրեբունիում է ապրում, հայտնի է որպես ոսկի երիտասարդության վառ ներկայացուցիչ՝ Էրեբունցի Արտաշ: Նրան ճանաչողները պատմում են, թե երիտասարդը սիրում է շքեղ կյանք վարել՝ ուտել, խմել, կանայք, զվարճություններ, մի խոսքով, «բեզբոժնի» վայելել կյանքի առաջարկած ամեն մի հաճույքը: Սպանության մեջ կասկածվող մյուս անձն Արարատ Նիկողոսյանն է: Նա եւ Արտաշեսը դեռ մանկուց լավ ընկերներ են եղել եւ «ուր գնացել, ինչ արել են՝ միշտ իրար պադդերժկա են արել»,-ասաց նրանց ճանաչողներից մեկը:
Արտաշեսի ֆեյսբուքյան էջում, ի դեպ, զետեղված են նկարներ, որոնցում երկու ընկերները տարբեր խնջույքների են մասնակցում:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Այս նյութը դիտել են - 4916 անգամ