Այսօր առավոտյան քաղաքում լուր տարածվեց, թե Ֆլեշ Բարսեղի ձվերն են գողացել: Մարդիկ սկզբում տարակուսեցին: Լուրը խիստ էր անորոշ: Ի՞նչ ձվեր և որտեղի՞ց Ֆլեշին ձու: Բայց հետո ոստիկանությունն անմիջապես պարզություն մտցրեց: Տեղեկացվեց, որ անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի պատշգամբից մտնելով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի տուն` գողացել են ձվի տեսքով 3 թանկարժեք հուշանվեր:
Այնուհետև չարաբաստիկ ձվերի պատմությունը մեծ հնչեղություն ստացավ, քանի որ րոպեներ անց դեպքի վայրում էին Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և ոստիկանության գրեթե բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները: Անհասկանալի էր մնում, թե շաբաթ օրով հատկապես ի՞նչն էր նրանց տարել դեպի այդ տունը՝ Բարսեղ Բեգլարյանի հեղինակությունը, թե՞ ձվերը:Ի դեպ, ձվերի մասին: «Թանկարժեք ձու» արտահայտությունը սովորաբար գործարծվում է միայն մեկ դեպքում, երբ խոսք է գնում աշխարհահռչակ ոսկերիչ-արվեստագետ Պյոտր Կառլ Ֆաբերժեի աշխատանքների մասին: Հայտնի է նաև, որ վերջինս իր կյանքի ընթացքում նմանատիպ 54 զատկական ձու է պատրաստել, որոնցից միայն 45-ի տեղն է այսօր հայտնի: Շատ հետաքրքիր կլինի, եթե հանկարծ պարզվի, որ աշխարհի բոլոր արվեստագետների ու կոլեկցիոներների կողմից փնտրվող ձվերը հանկարծ հանգրվան գտած լինեն Ֆլեշ Բարսեղի տանը:
Այս տխուր պատմության մեջ ևս մեկ հետաքրքիր խորհրդանշական բան կա: Հայտնի է, որ երբ Հայաստանը երջանիկ և անկախ երկիր չէր, իսկ Բարսեղ Բեգլարյանն էլ, հետևաբար, չէր կարող երջանիկ, անկախ ու հարուստ լինել, նա դասավանդում էր բուհերից մեկում և ապրում էր խորհրդային մտավորականի համեստ աշխատավարձով: Եվ այն ժամանակ, երբ պրն Բեգլարյանին լրացուցիչ գումար էր պետք լինում, նա դիմում էր կաշառակերության: Իսկ քանի որ նա բարի էր, հիմնականոմ կաշառքը վերցնում էր ձվերով: Ասենք, մի ստուգարքը դասախոս Բեգլարյանի մոտ արժեր մի դարսակ ձու, քննությունը` երկու դարսակ կամ ավելի շատ: Ինչևէ, ինչպես տեսնում ենք, ձվերը մեծ դեր են ունեցել պրն Բարսեղյանի կյանքում. սկզբում ձվերը նրան ապրուստ էին ապահովում, հետագայում, երբ նա հարստացավ` գեղարվեստական բավականություն և բավարարվածություն: