Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով հետախուզման մեջ գտնվողները ներկայացել են ոստիկանություն ...
2016-06-12 20:36:00

58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանն այսօր՝ հունիսի 12-ի գիշերը, ժամը 4-ին, ներկայացել են ոստիկանություն: Այս մասին  NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝  բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա  կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։
Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ  վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող  ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Գործն ուղարկվել է ՀՔԾ, քանի որ մեղադրյալը ԴԱՀԿ աշխատակից է:

news.am

Այս նյութը դիտել են - 1450 անգամ